HHK

Չկա այդպիսի վիագրա, որը կարողանա բարձրացնել Նիկոլ Փաշինյանի ընկած վարկանիշը, օրերս հեռուստաալիքներեից մեկով հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը սխալվում է, այդպիսի «վիագրա» կա եւ դրա անունն է ՀՀԿ: Եթե չլինի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացնող կամ պահող ոչինչ, ապա միայն ՀՀԿ-ն թերեւս դեռ տեւական ժամանակ բավարար է այդ խնդիրը լուծելու համար: ՀՀԿ որեւէ քաղաքական, քարոզչական աշխուժություն, Նիկոլ Փաշինյանի, հեղափոխության, կառավարության, քաղաքական մեծամասնության հասցեին ՀՀԿ որեւէ սուր քննադատություն ինքնաբերաբար առնվազն կանխում է վարկանիշի սպառնացող որեւէ վտանգ:

Փաշինյանի վարկանիշի սպառնալիք կարող է լինել ՀՀԿ լռությունը: Իհարկե, կան նախկին իշխող համակարգի այլ խմբեր ու միավորներ, որոնք իրենց հայտարարություններով կփոխհատուցեն դա:

Բանն այն է, որ նախկին իշխող համակարգն իր քաղաքական աշխուժության որեւէ դրսեւորումով այն պատվարն է, որը պահում է վարչապետ Փաշինյանի հանրային վարկանիշը: Որովհետեւ վարկանիշ ասվածն իհարկե ինքնին լոկ սոցհարցման արդյունքում ստացված թիվ չէ: Այն ունի խորքային շերտեր, մասնավորապես այն, որ հանրության մի ստված հատված կարող է եւ դժգոհ լինել կառավարության գործունեության արդյունքից, բայց բավական է այդ ֆոնին աշխուժանա նախկին կառավարող համակարգը, եւ դա հանրային գիտակցության մեջ անմիջապես փոխհատուցում է կառավարման արդյունավետությունից դժգոհությունը:

Այստեղ է հարցի առանցքը, եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անկասկած ինքն էլ հիանալի գիտե ՀՀԿ այդ նշանակությունը: Հենց դրանով էր պայմանավորված ամիսներ առաջ նրա հայտարարությունը, որ այսպես ասած ընդդիմության որեւէ համախմբում չի կարող ունենալ հաջողություն առանց ՀՀԿ-ի:

ՀՀԿ փոխնախագահը հաջողություն ասելով անշուշտ նկատի չուներ որեւէ համախմբման իշխանության գալը: Արմեն Աշոտյանն ընդամենը ակնարկում էր, որ հնարավոր չէ հաղթել ՀՀԿ-ին՝ ինչպիսին էլ լինի համախմբումը, որովհետեւ բավական է ՀՀԿ-ն իր որոշումով կամ հռետորաբանությամբ սատարի որեւէ համախմբման, եւ այն «կփլուզվի» բառի բուն կամ քաղաքական իմաստով:

Իսկ ՀՀԿ-ն դրա շահառուն է, որովհետեւ հետհեղափոխական ստատուս-քվոն կուսակցության համար որքան էլ լինի այսպես ասած անընդունելի, այդուհանդերձ այն ամենանախընտրելին է իշխանական կարգավիճակից հետո: Որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանը կորցնում է դիրքերը, ապա ՀՀԿ-ն իսպառ կորցնում է անգամ ընդդիմադիր շրջանակում դիրք ունենալու հնարավորությունը: Ներկայում ՀՀԿ-ն իր «ամենամերժվածության» հանգամանքը վերածելով առավելության նախկին համակարգի միավորների եւ խմբերի ներքին պայքարում, կարողանում է պահել այդ դաշտում վճռորոշ ձայնի հնարավորությունը:

Spread the love