Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողներին հայտնել է, որ դիմել են Սահմանադրական դատարան մեկ տարի առաջ ներկայացրած դիմումները հետ վերցնելու համար։

Օրբելյանի խոսքով, հաշվի առնելով, որ երկու օր առաջ ընդունվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, հարցը քննարկել են Քոչարյանի հետ ու որոշել հետ վերցնել դիմումը ՍԴ-ից։ Նրա խոսքով, հետ են վերցրել ներկայացված երկու դիմումները, որոնք վերաբերում են 300․1 հոդվածը սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին համապատասխան ճանաչելուն։

Փաստաբանն ասաց, որ Քոչարյանի հետ առավոտյան քննարկեցին հարցը, և նա հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումը։

«Հաշվի առնելով այն, որ երկու օր առաջ ընդունվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթը, որի մասին երկու պառլամենտական ֆրակցիա հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, որ ամբողջությամբ ապօրինի փաթեթ է, չի համապատասխանում Սահմանադրությանը, սակայն ֆրակցիաներից մեկը պառլամենտարիմզը չոտնահարելու նախապայման հնչեցրեց պարոն Քոչարյանի գործը, պարոն Քոչարյանի հետ այսօր վերջնական խոսել ենք և որոշել հրաժարվել մեր ներկայացրած դիմումից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբաններն ու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ դիմումը ՍԴ էին ներկայացրել մոտ մեկ տարի։ Օրերս ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովից ստացել էր այս հարցի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը և որոշել գործով նիստ գումարել հուլիսի 7-ին։

«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան զրույց ունեցանք, նախագահը հայտնեց՝ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ կարող են առաջանալ, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումը։ Եվ մեր ընդհանուր խնդրանքն ու պահանջն է բոլոր քաղաքական ուժերին՝ Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել։ Այս գործընթացը բացառապես պետք է դիտարկել պառլամենտական ֆրակցիաների ու պատգամավորների շրջանակներում, և եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, եթե գտնում են, որ կա դիմում, որը կարող է ստորագրվել ինչ-որ ամսաթվի, չսպասել այդ ինչ-որ ամսաթվի, միանալ գործընթացի՝ հիմք ընդունելով մեր այսօրվա դիմումը»,- ասաց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարել էր, որ Սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ ստորագրահավաքին չեն միանում, քանի որ ՍԴ կդիմեն հուլիսի 7-ին Քոչարյանի գործի քննությունից հետո։
Spread the love