«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կողմնակիցներին շնորհակալություն է հայտնել՝ նրանց համար հյուրասիրություն կազմակերպելով «Բելաջիո» ռեստորանում:

Հյուրասիրությանը մասնակցել են ի պաշտպանություն Ծառուկյանի կազմակերպված հանրահավաքի մասնակիցները: Հատկապես կարևորվել են նրանք, ովքեր կալանավորվել են և տարվել ոստիկանական բաժիններ»:

Երեկ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը Սահմանադրական դատարան է ուղարկել դիմումը, որով վիճարկում է խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը: Անհրաժեշտ էր 27 ստորագրություն՝ խորհրդարանի մեկ հինգերորդը: ԲՀԿ-ն հավաքել էր 25 ստորագրություն, հետո միացել էր Տիգրան Ուրիխանյանը, եւ բոլորը սպասում էին Լուսավոր Հայաստանի որոշմանը, որն ի վերջո հրաժարվեց ստորագրել, նախ հայտարարելով, որ պատգամավորներն այդ հարցով իրավունք չունեն դիմել ՍԴ, այնուհետեւ պատճառաբանելով, որ դիմումը կապված է հուլիսի 7-ին ՍԴ-ում նշանակված նիստի հետ, որտեղ քննարկվելու է Քոչարյանի դիմումը:

Քոչարյանը հետ վերցրեց դիմումը, սակայն ԼՀԿ-ն մնաց անդրդվելի, հայտարարելով, թե դա աճպարարություն է, եւ դիմումը հետ վերցնելը դեռ չի նշանակում, որ այդ հարցը չի քննվելու ՍԴ-ում:

Երեկ «աննկուն Քոչարյանական», ինչպես նրան բնութագրել է մի նախկին կոմբինատոր, Լարիսա Ալավերդյանը թվաբանական հաշվարկներ արեց, որ 26 պատգամավորն էլ կարող է դիմել ՍԴ, քանի որ խորհրդարանի կազմի՝ 132 պատգամավոր, մեկ հինգերորդն անում է 26,4 պատգամավոր:

«Հանրահաշվական կանոններով՝ 26,4-ը կլորացնելով՝ ստանում ենք 26, ոչ թե 27։ Ցանկացած դասագրքում կա այդ կանոնը։ Դա նշանակում է, որ եթե իրավունք ունի դիմել մեկ հինգերորդ մասը, եւ քանի որ չի կարող լինել 4 տասնորդական մարդ, հավաքվել է բավարար քանակի ստորագրություն», ասել էր Լարիսա Ալավերդյանը։

Այս «հրահանգից» հետո էլ ԲՀԿ-ն դիմումն ուղարկեց ՍԴ: Թե ինչու ավելի շուտ գլխի չէին ընկել, քանի դեռ ուժի մեջ չէր մտել ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվում է 3 դատավորի լիազորությունն ու Հրայր Թովմասյանի լիազորությունը որպես ՍԴ նախագահ, մնում է անհայտ:

Լարիսա Ալավերդյանի թվաբանությունը շարունակեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հարցադրում արեց՝ 26,4-ը 26 է՞, թե՞ 27։ 26,4-ը ավելի 26 է, քան 27, ասաց նա, այդպիսով հիմնավորելով, որ 26-ն էլ կարող են դիմել ՍԴ:

Բայց Լուսավոր Հայաստանը Լուսավոր Հայաստան չէր լինի, եթե լույս չսփռեր այս շիլաշփոթի վրա, առավել եւս, որ պարզվում էր՝ առանց իրենց էլ կարող են գործընթացներ սկսել: Մանե Թանդիլյանը, ով «նախորդ կյանքում» հաշվապահ էր աշխատել, իրեն հատուկ էլեգանտությամբ գործընկերներին հիշեցրեց, որ 26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։ Հետևաբար, ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ասել էր նա:

Հնարավոր է՝ Լարիսա Ալավերդյանը շտապել է, երբ ենթադրել է, թե չի կարող լինել 4 տասնորդական պատգամավոր: Դա կերեւա ՍԴ-ում դիմումի ընթացքից: Հնարավոր է՝ կարեւոր մարդաբանական հայտնագործության առջեւ ենք, հատկապես թագակիր ժահրի կայտառ մուտացիաների պայմաններում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •