Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ։

Նա ասաց, 2018 թվականի հեղափոխությունից հետո որևէ նման գործարք տեղի չի ունեցել, որին կարող էր մասնակցել ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՊՆ-ի:

«Ես շատ ցավում եմ, որ դա դարձել է քննարկման առարկա: Առիթից օգտվելով ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ 2018 թվականից ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվել է՝ վարչապետի գլխավորությամբ, որևիցե երկրի հետ Հայաստանի կառավարության մասնակցությամբ, այդ թվում՝ ի դեմս Պն-ի, որևիցե նմանատիպ գործարք տեղի չի ունեցել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի Լիցենզավորման մասին օրենք, այդ օրենքի 12,1 հոդվածը սահմանում է ռազմական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության, տարանցիկ փոխադրման հետ կապված փոխհարաբերությունները։ Այդ Լիցենզավորման մասին օրենքում փոփոխությունը տեղի է ունեցել այն պարագայում, երբ Հայաստանի վարկանիշն իջնում էր միջազգային գործընկերների մոտ՝ կապված հենց զենքի որոշակի առևտրի հետ։ Ներկայիս պաշտպանության նախարարի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ է դա տեղի ունեցել»,- ասաց նա։

Ըստ Բալայանի՝ այնուհետև ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որը խիստ կանոնակարգել է այդ բոլոր դեպքերը։ «Ցանկն էլ է հաստատել այդ ամբողջ սպառազինության։ Ընդհանրապես դրա մասին խոսելուց առաջ ցանկացած մարդ պետք է մի հատ կարդա այդ իրավակարգավորումները։ Դրանից հետո ակնհայտ կդառնա, որ նման հայտարարություններ անելը կամ նման գործարքների գնալը ոչ միայն անհիմն է, անբովանդակ խոսակցությունների շարան է, այլև հնարավոր չէ պարզապես իրականացնել։ Այդ իրավակարգավորոմներով մենք փաստացի իրականացրել ենք մեր միջազգային պարտավորությունները։ Այնպես որ, դա համարում եմ որպես անորակ քաղաքական շահարկումների հերթական շարան։ Բացառվում է, ես նորից եմ հայտարարում կատեգորիկ՝ դատարկ խոսակցություններ են»,- ասաց նա։

Պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ հուլիս ամսից Հայաստանում կսկսվի հրաձգային զենքի արտադրություն: Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Ակնկալում ենք, որ հուլիսի սկզբին արդեն կսկսվի արտադրությունը: Տվյալ փուլում խոսքը հրաձգային զենքի մասին է»,- ասաց Բալայանը:

Գաբրիել Բալայանը անդրադարձավ նաև այն հայտարարություններին, թե Պաշտպանության նախարարությունը նախկին իշխանությունների օրոք անորակ սպառազինություն է գնել։

Նա նշեց, որ ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը նախկինում առաջին տեղակալ էր, իր պաշտոնավարման ընթացքում որևիցե անօրինական, ոչ իրավաչափ գործողության նա մասնակից չի եղել։

«Զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք է բերվում համաձայն ԶՈւ ռազմական պլանի։ Դա խորը պլանավորվող գործընթաց է, ես չեմ կարող այստեղ հայտարարություն անել, որ դա անթերի գործընթաց է։ Հնարավոր է՝ եղել են ձեռքբերումներ, որոնք տեխնիկապես բարեփոխելու, վերափոխելու հնարավորություն ունեն։ Ես սա նորմալ եմ համարում։ Այստեղ խնդիրն այդ ամենի իրավաչափության մեջ է։ Ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն, եթե եղել են իրավախախտումներ, հիմա ես հավատում եմ, որ քննության արդյունքում կպարզվի»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝  քրեական գործեր են քննվում, կան կալանավորվածներ, քննությունը գնում է, որը կտա այդ բոլոր հարցերի պատասխանը՝ արդյոք այդ ձեռքբերումները ենթադրյալ հանցագործության կատարման արդյունքում են եղել, պետությանը վնաս է պատճառվել է, թե՞ ոչ։ «Կարծում եմ՝ այդ հարցին հստակ կարող են պատասխանել նախաքննություն իրականացնող մարմինները։ Մենք ունենք բազմաթիվ քրեական գործեր, որտեղ կասկածներ կան ձեր տված հարցի հետ կապված։ Բայց քանի դեռ չունենք մեղադրական դատավճիռ, ես ձեռնպահ կմնամ որևիցե կերպ մեկնաբանել»,- ասաց նա։

Spread the love