us-russia

ԱՄՆ պետքարտուղարության Կոնգրես ներկայացված զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը չի իրազեկում իր զորավարժությունների մասին, Բաքվին կոչ անելով պատշաճ կերպով հայտնել դրանց մասին և լինել թափանցիկ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել էր, թե հայերը իրենց հովանավոր ԱՄՆ օգնությամբ խորքային հետախուզության սարքավորումներով են հագեցրել առաջնագիծը և իրենց զրկել մարդ սպանելու և շանտաժի հնարավորությունից, կամ պարզապես մարդասպանի և շանտաժի քաղաքականությունից: Միացյալ Նահանգների նկատմամբ Բաքվի դժգոհությունը կրում է պարբերական բնույթ և այն իհարկե ուղղված է Ռուսաստանին և Թուրքիային, արցախյան հարցում Ադրբեջանի երկու հիմնական գործընկերներին:

Բանն այն է, որ ըստ էության Միացյալ Նահանգներն է թերևս խանգարում նրանց կրկնել այն հակահայկական գործարքները, որոնք պայմանագրերի տեսքով ստորագրվել են մեկ դար առաջ Մոսկվայում ու Կարսում, բաժանելով միմյանց միջև հայկական ու նաև վրացական տարածքները:

Ադրբեջանն անշուշտ օգտվել է դրանից և ակնկալում է օգտվել հերթական անգամ, եթե իհարկե գործարքը հաջողվի: Բայց, ամբողջ հարցն այն է, որ ռուս-թուրքական գործարքը խափանված է և մեղմ ասած ոչ առանց ԱՄՆ միջամտության:

Պարզապես, այս դեպքում իհարկե խոսքը Հայաստանին օգնելու միջոցով ռուս-թուրքական գործարքը տապալելու մասին չէ: ԱՄՆ-ն ռուս-թուրքական հարաբերությունը սրել է Մերձավորարևելյան ռեգիոնում չեզոքացնելով Ռուսաստանին ու Թուրքիային կապող իրանյան առանցքային օղակը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Իրանցի գեներալն իհարկե ոչ թե աշխատում էր Մոսկվայի կամ Անկարայի համար, այլ աշխատում էր նրանց հետ, բայց հենց դրա շնորհիվ էլ Մոսկվան ու Անկարան կարողանում էին մանևրել՝ Իրանի միջոցով: Իհարկե Իրանը դրանով փորձում էր թերևս ապահովել նրանց հնարավորինս անկախությունը Նահանգներից, իր շահերից ելնելով, սակայն այդ հանգամանքը միևնույն է ուժեղացնում էր ռուս-թուրքական տանդեմը:

Հատկանշական է, որ Սոլեյմանիի մահից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է և Իրանն ու Ռուսաստանը որևէ կերպ չեն կարողանում գալ ռազմավարական գործակցության: Ավելին, նրանք գտնվում են ռազմական առայժմ իհարկե անուղղակի բախումների փուլում: Այստեղ Նահանգների համար նշանակություն է ստանում Հայաստանի ամրությունն ու պաշտպանունակությունը, որպեսզի Երևանը ինքնիշխան լինի ռուսական կողմի հետ հարաբերությունում և տեղի չտա Թուրքիայի հետ հարաբերության տրամաբանությունից բխող ճնշումների: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վաշինգտոնը նրբորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչն էլ հունից հանում է Բաքվին, որի համար ոչ միայն արցախյան հարցում է իրավիճակը դառնում փակուղային, կամ խորանում ապրիլյանից հետո եղած փակուղին, այլ ավելի ու ավելի բարդ է դառնում ուղղակի մանևրի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որը Բաքվի առաջ կանգնում է ամբողջ հասակով: