Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գնել Վ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երեքն էին՝ Գնելի կողքին էին նաև նրա ծնողները՝ Վրեժ և Հրանուշ Վ.-երը:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի մարտի լույս 7-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, 40-ամյա Գնել Վ.-ն իր «ՎԱԶ- 21074» մակնիշի մեքենայով Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցով դեպի քաղաքի կենտրոն ընթանալիս թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ՝ մեքենան վարել է թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը գերազանցող՝ առնվազն 82,7 կմ/ժ արագությամբ: Նա շուրջ 45-50 մետր տարածությունից է հայտնաբերել իր երթևեկության համար վտանգ համարվող, իր ընթացքի ուղղությամբ ճանապարհը ձախից աջ հատող հետիոտն Գագիկ Մ.-ին: Գնել Վ.-ն դիմել է արգելակման, սակայն արագությունը գերազանցելու արդյունքում խաչմերուկիհատվածում վրաերթի է ենթարկել Գագիկ Մ.-ին և անզգուշությամբ առաջացրել է  նրա մահը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Գնել Վ.-ն, տեղեկացված լինելով, որ մահացու վրաերթի փաստով հարուցվել է քրեական գործ, և վրաերթը կատարելու համար մեղադրվում է այդ արարքը չկատարած անձ՝ իր հայր Վրեժը, 2019 թվականի ապրիլի 26-ին Արարատի մարզային քննչական վարչությունում որպես վկա հարցաքննության ընթացքում, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այն կեղծ է, քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով վարույթն իրականացնող մարմնին տվել է կեղծ տեղեկություններ՝ մատնանշելով հանցագործությունը չկատարած անձի, նա հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել: Գնելը սուտ ցուցմունք է տվել, իբր հորից՝  Վրեժից  տեղեկացել է, որ նա է մահվան ելքով վրաերթը կատարել: Այսպիսով՝ նա իր հորը սուտ մեղադրել է միջին ծանրության հանցավոր արարք կատարելու համար, ինչով, ըստ մեղադրանքի, խաթարել է արդարադատության բնականոն իրականացմանն ուղղված հասարակական հարաբերությունները, իրավապահ մարմինների բնականոն գործունեությունը շեղել է  հանցագործությունը քննելու ճիշտ ուղուց:

Դեպքից հետո Գնելի հայրը՝ Վրեժ Վ.-ն, ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին ու հայտարարել, թե մահացու վրաերթը ինքն է կատարել…

Միայն 2019 թվականի սեպտեմբերի 16-ին է վրաերթ կատարելու համար դադարեցվել Վրեժ Վ.-ի քրեական հետապնդումը, նույն օրը վրաերթ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է Վրեժի որդի Գնելը…

Ըստ մեղադրանքի՝ Հրանուշ Վ.-ն իր որդի Գնելին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, սուտ մատնություն է կատարել՝ 2019 թվականի մարտի 12-ին և ապրիլի 26-ին որպես վկա հարցաքննությունների ժամանակ սուտ ցուցմունքներ է տվել, իբր 2019 թվականի մարտի 7-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում իր ամուսնու՝ Վրեժի հետ, վերջինիս վարած «ՎԱԶ-21074» մեքենայով ընթանալիս Արտաշատի Օգոստոսի 23-ի և Գայի փողոցների խաչմերուկում ամուսինը վրաերթի է ենթարկել Գագիկ Մ.-ին ու պատճառել է մահ:

Ըստ մեղադրանքի՝ Վրեժ Վ.-ն էլ որդուն քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու նպատակով կատարել է սուտ մատնություն՝ վարույթն իրականացնող մարմնին հայտնել է կեղծ տեղեկություններ, իբր ինքն է վրաերթի ենթարկել ու մահ պատճառել Գագիկ Մ.-ին:

Վրեժ և Հրանուշ Վ.-երին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, իսկ Գնել Վ.-ին՝ մահվան ելքով վրաերթի և սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ և 333 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանում Գնելն ու նրա ծնողները իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել են:

Դատարանը հաշվի է առել, որ Վրեժ Վ.-ն վատառողջ է, ունի մի շարք ծանր հիվանդություններ:

Դատարանը հաշվի է առել, որ Գնել Վ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները, նա բնութագրվում է դրական, վատառողջ է:

Տուժողի իրավահաջորդը բողոք, պահանջ չի ներկայացրել:

Վրեժ և Հրանուշ Վ.-երը մեղավոր են ճանաչվել մեղսագրված արարքի համար և դատապարտվել են 200 հազարական դրամ տուգանքի:

Գնել Վ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ և 333 հոդվածի 1-ին մասերով, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ինչպես նաև դատապարտվել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Գնել Վ.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Spread the love