Հայաստանի Հանրապետությունում հունիսի 29-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձանցից 123-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 529-ինը՝ ծանր։

Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։ Այս վիճակագրության «հեղինակները» մենք բոլորս ենք և հենց մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը»,- ասաց վարչապետը։

Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը, ով Հայաստան է ժամանել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար, կարծում է, որ դիմակ կրելը, ձեռքերը պարբերաբար ախտահանելը և սոցիալական հեռավորություն պահպանելը կարող են մեծ դերակատարություն ունենալ համավարակը հաղթահարելու գործում:

«Հպարտ եմ, որ կարողացա այս մեծ առաքելությունն իրականացնելու համար ժամանել Հայաստան և  սատարել մեր գործընկերներին: Պատիվ եմ ունեցել հանդիպելու մի շարք հայ բժիշկների, որոնք շատ կոմպետենտ են, աշխատում են օրնիբուն և այժմ ուժասպառ են»,-ասաց նա:
Փափազյանը կոչ արեց հասարակությանը պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք  շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում:  «Անհրաժեշտ է դիմակ կրել, ձեռքերը պարբերաբար ախտահանել և սոցիալական հեռավորություն պահպանել: Այդ կանոնները կարող են մեզ փրկել և դուրս բերել այս իրավիճակից»,-շեշտեց բժիշկը:

Անդրադառնալով բժշկության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը՝ Փափազյանն ասաց, որ սա դեռ սկիզբն է: Նա հավելեց, որ մեծ սիրով է աշխատում հայաստանաբնակ բժիշկների հետ, կիսվում փորձով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ առողջապահության նախարարի հայտարարությանը, ով կոչ էր արել հանրային սննդի կետեր չայցելել։ Նախարարի այս հայտարարությունը վրդովմունք էր առաջացրել ոլորտի ընկերությունների մոտ։

«Այս պահի դրությամբ կառավարության կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները։ Առողջապահության համակարգի մեր գործընկերներին մենք պետք է ճիշտ հասկանանք, որովետև նրանք արդեն ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո։ Եվ այսօր համաճարակային իրավիճակի հետ հետ կապված շատ են հնչում առողջապահական համակարգի նկատմամբ մեղադրանքներ, բայց ես ուզում եմ ասել, որ այսօր համաճարակի տարածման դեմ առողջապահության նախարարությունը չէ, որ պայքարում է ու պետք է պայքարի։ Առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի հետևանքների դեմ։ Եվ ինչքան շատ է այդ հիվանդների  թիվը, այնքան ծանրանում է առողջապահական համակարգի աշխատանքը, նամանավանդ, որ հիվանդանոցային տեղերը մի քանի անգամ ավելի շատ ծավալվել են։ Կառավարության կոչն է պահպանել հակահամաճարակային կանոնները և չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը»,- ասաց նա։

Վարչապետը նշեց՝ հակահամաճարակային կանոնները ռեստորանում հնարավոր է և պահպանել, և չպահպանել։ Առօրյա կյանքում էլ է հնարավոր և պահպանել, և չպահպանել։ «Մենք ասում ենք՝ պահպանել երեք կանոն՝ կրել դիմակ, դիմակը հանել միան սնվելիս, սնվելու ընթացքում այն մյուս երկու կանոնները շարունակում են մնալ ուժի մեջ՝ պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը»,- հավելեց նա։

Անդրադառնալով համատարած լոքդաուն սահմանելու մասին հարցին՝ վարչապետը նշեց․ «Համատարած լոքդաունի մտադիր ենք գնալ ծայրահեղ դեպքում և միայն այն պայմաններում, եթե համոզված լինենք, որ 100 տոկոսով մենք ունենք մեխանիզմները, պատկերացնում ենք, թե մինչև ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցը ինչպես ենք դա պահելու։ Եթե պարզվի, որ այդպիսի երաշխիք չկա, լոքդաունը կարող է բերել ավելի շատ պրոբլեմների։ Այսօր մենք համընդհանուր լոքդաունի պլան մշակում ենք, և պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինենք ըստ անհրաժեշտության գնալ այդ քայլին։ Բայց մենք գիտենք, որ կա ավելի հեշտ լուծում՝ դա մեզնից յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- նշեց նա։

Spread the love