Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշները կայունանում են, հոսպիտալացման կարիք ունեցող բոլոր անձինք հոսպիտալացվում են։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին ծանր վիճակում է գտնվում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 պացիենտ, թոքերի արհեստական շնչառության միացված է 44 մարդ։  Այսինքն՝ 627 քաղաքացի գտնվում են ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, ինչը մտահոգիչ է։

«Մենք կարծես թե ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք։ Այսինքն՝ օրական արձանագրվող դեպքերը, բացառությամբ երեկվա դեպքերի, երբ կրկնակի քիչ թեստեր էին արվել, տատանվում են մոտ 500-600-ի շրջանակներում։ Եվ այդ իմաստով կարող ենք արձանագրել, որ իրավիճակի ավելի բարդացումը դեռ տեղի չի ունեցել։ Կարծում եմ՝ դա նաև մեր վերջին շրջանի հակահամաճարակային միջոցառումների արդյունք է, երբ մեր քաղաքացիները, անսալով մեր կոչին, ավելի ակտիվ սկսեցին կրել դիմակներ, ավելի շատ տեղերում, ավելի հաճախ սկսեցին ախտահանել իրենց ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորությունը»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ պետք է շարունակել կանոնների պահպանումը, որպեսզի ունենանք ավելի ցածր թվեր։ «Ինչո՞ւ է կարևոր թվերի ցածրացումը, որովհետև նույնիսկ առողջապահական մեծ հզորությունների պայմաններում մենք գիտենք, որ վարակված անձանց ինչ-որ տոկոս դժբախտաբար մահանում է։ Այսինքն՝ մենք գիտենք, որ եթե այսօր արձանագրվել է 320 դեպք, ապա դժբախտաբար նույնիսկ ամենաբարձր որակի բուժօգնության արդյունքում միևնույն է, այդ քաղաքացիների 1,5-1,6 տոկոսը մահանալու է։ Այսինքն՝ 5-6 հոգի ամեն դեպքում մահանալու է այս քաղաքացիներից։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ կարևոր է ոչ միայն պատշաճ բուժօգնություն մատուցելը, այլև այդ թվերը փոքրացնելը, որ մենք ունենք քիչ մահացություն»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով հզորությունների զարգացմանը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ երեկ մեծ ձեռքբերում է եղել՝ թթվածնային խտացուցիչներ են բերվել Հայաստան ու բաշխվել կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհիմնարկներին։ Եվ դրա արդյունքները ակնհայտ են՝ երեկ երեկոյան դրությամբ արդեն տանը հոսպիտալացման սպասող հիվանդներ չկային։ «Այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավրուսային հիվանդություն և նրանք կարիք ունեն հոսպիտալիզիացիայի, նրանք հրատապ հոսպիտալացվում են։ Կարող ենք ասել՝ այդ խնդիրը լուծված է։ Մյուս խնդիրը շարունակում է մնալ որոշ բուժհաստատություններից դեպի կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ տեղափոխելը, դա նույնպես մոտ օրերս կլուծվի։ Այսինքն՝ այս առումով մենք բավական բարվոք վիճակում ենք, և պետք է ամեն ինչ անենք այդ վիճակը պահելու համար»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ վաղն ու մյուս օրը ևս մի քանի հիվանդանոցներ կմիանան կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժման գործընթացին։