serzh-sargsyan

Մամուլում հայտնվել է տեղեկություն, թե հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը և քննարկել նաև ներքաղաքական հարցեր:  Երկրորդ և երրորդ նախագահների հանդիպման վերաբերյալ տեղեկություն հրապարակվել էր նաև շաբաթներ առաջ, ըստ որի հանդիպում եղել էր ԱԱԾ-ում, որտեղ կալանավորված էր Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ այդմ տեղեկության, Սերժ Սարգսյանը քրեական գործերից մեկով եղել էր ԱԱԾ-ում և տեղի էր ունեցել հանդիպում նաև Ռոբերտ Քոչարյանի հետ: Թե երկրորդ, թե երրորդ նախագահների գրասենյակները հերքեցին այդ տեղեկությունը: Ներկայումս հանդիպման մասին տեղեկությունը նրանք չեն հերքել, գոնե առայժմ: Թեև, մեծ հաշվով, հերքման դեպքում անգամ չկա երաշխիք, որ հերքումը չունի կոծկելու նպատակ, կամ չհերքելն էլ իրականում դեռ ամենևին չի նշանակի, որ հանդիպում անպայման եղել է: Ի վերջո, ոչ միայն պետք չէ բացառել, այլ հավանական է, որ նրանց պարզապես կարող է պետք լինելկ այդպիսի հանդիպման մասին տեղեկության առկայությունը:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախկին իշխող համակարգի երկու բեվեռներում են, իսկ նրանց միջև գոյացել էր բուֆերը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Ներկայումս այդ կուսակցության շուրջ տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ և ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի կոշտ քայլերի շնորհիվ հայտնվել է ընդդիմադիր առանցքի դերում: Միաժամանակ պարզ չէ, թե ինչու՞ չկալանավորվեց Գագիկ Ծառուկյանը, երբ իշխանությունը այդպիսի կոշտ քայլերով նրան տարավ դատարան: Մտածել, թե անհրաժեշտության դեպքում չէր գտնվի կալանքի որոշում ստանալու հնարավորություն, կլինի թերևս քաղաքական իրողությունների գնահատման տեսանկյունից բավականին միամիտ:

Ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ հարվածելով ԲՀԿ նախագահի դիրքերին, այդուհանդերձ չի դրել ամեն գնով նրա կալանքին հասնելու խնդիր: Եվ այդ հարցը թերևս կարող է մտահոգել թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ նրանք ունեն իհարկե իրենց առանձին քաղաքական ռազմավարություններն ու մարտավարությունը, ունեն միմյանց հետ պարզելու բազմաթիվ խորքային հարցեր, սակայն առնվազն մի առումով նրանք ունեն կամ կարող են ունենալ ընդհանուր մտահոգություն՝ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը բուֆերի վրա: Բանն այն է, որ թե երկրորդ, թե երրորդ նախագահների ռազմավարությունները միմյանցից անկախ լինելով, հավասարապես կախված են լինելու հենց բուֆերային ուժի վարքագծից: Ըստ այդմ, հանդիպումով, կամ հանդիպման մասին տեղեկությամբ նրանք հնարավոր է փորձում են ազդել այդ վարքագծի վրա, կամ շոշափել որևէ հող:

Spread the love