Gaz

Աստիճանաբար պարզ են դառնում Տավուշում էսկալացիայի պատճառները, եւ դրանցից մեկը, ըստ երեւույթին, կապված է Եվրոպային էներգետիկ տեռորի ենթարկելու Բաքվի ու Անկարայի մտադրության հետ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, պարզվում է, զանգել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին եւ ընդգծել, որ «Հայաստանը տարածաշրջանում անվտանգությանը եւ խաղաղությանը սպառնալիքի հիմնական աղբյուրն է, այդ թվում՝ սպառնալիքի հավանականություն կա նաեւ տարածաշրջանում աշխարհառազմավարական նախագծերի նկատմամբ»։ Ադրբեջանը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ուղիղ սպառնալիք հաղորդակցություններին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով եւ հասնում Եվրոպա։

Ադրբեջանը դեռ չի սկսել Եվրոպային գազ մատակարարել, բայց արդեն փորձում է Բրյուսելի դեմ օգտագործել Ռուսաստանից խլած գազային մահակը։ Հոկտեմբերին կսկսվի ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա Բաքու-Թբիլիսի-Էրզրումով։ Ադրբեջանը փորձում է խողովակն օգտագործել Հայաստանի ձեռքերը կապելու համար։

Մարտերի էպիկենտրոնը Ադրբեջանի խողովակաշարերի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու անմիջական հարեւանությամբ է, որոնց, ինչպես գրում են ադրբեջանցի վերլուծաբանները, Հայաստանը խոստանում է հարվածել ամեն հարմար պահի։

«Հայկական սադրանքների» հետեւանքով սպառնալիքի տակ են հայտնվում Եվրամիության էներգետիկ ու լոգիստիկ անվտանգությունը, ինչպես նաեւ եվրոպական միլիարդավոր դոլարի ներդրումները, հայտարարում են Բաքվում՝ բացահայտելով, վերջապես, իրենց էներգետիկ քաղաքականության էությունը։

Բաքուն ԵՄ-ին կոչ է անում «ավելի կոշտ ու հստակ դիրքորոշում գրավել Հայաստանի նկատմամբ»։

Ահա թե ինչու է Ադրբեջանը ագրեսիայի դիմել, իսկ Թուրքիան՝ անմիջապես արձագանքել։ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ Տավուշում լարվածությունը կարող է կապված լինել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ գազային կոնֆլիկտի հետ։ Նրա խոսքով, Թուրքիան գրեթե 40 տոկոսով նվազեցրել է ռուսական գազի ներկրումը և փոխարենը պետք է ավելանա Թուրքիա եւ Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազի ծավալները Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով, որն անցնում է Ադրբեջանի Թովուզի շրջանով։ Այդ շրջանը սահմանակից է Հայաստանի Տավուշի մարզին, որտեղ էլ տեղի են ունեցել բախումները։ Փորձագետը կարծում է, որ Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանում տեղակայել իր զորքը գազամուղը պաշտպանելու համար։ Գաբրիելյանը չի բացառում, որ ոմանք կարող են մտադրվել պայթեցնել գազամուղը եւ պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա։ Հայաստանը պետք է հայտարարի, որ ոչ մի դեպքում մտադիր չէ պայթեցնել գազամուղը, կարծում է նա։