Ադրբեջանը հուլիսի 13-ի համեմատաբար հանդարտ գիշերվանից հետո վերսկսել է Տավուշի սահմանի հայկական դիրքերի և արդեն նաև սահմանի առաջնագծից որոշակի հեռավորության բնակավայրերի հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ հայտնել է Հայաստանի ՊՆ-ն:

Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը անշուշտ այլ բան չէ, քան սեփական անզորության խոստովանություն: Հակառակ պարագայում հաղթական բանակը, որ տարիներ շարունակ տարփողում է Ալիևը, լուծում է ռազմական հարցեր, ինչպես, օրինակ, հայկական զինուժը:

Մյուս կողմից՝ Ադրբեջանը քաղաքացիական թիրախներն ընտրել է հենց այդ հանգամանքից նյարդայնացած և գուցե կատաղած, քանի որ խնդիրը լոկ դիրքերի կորուստը չէ, որ ունեցել է Բաքուն հայկական ուղղությամբ ռազմական անհաջող սադրանքից հետո: Բաքուն ունենում է, այսպես ասած, տարիներով փչված միֆի կորուստ՝ այդ հաղթական բանակի միֆի: Հայկական ուժերը Տավուշում պայթեցնում են այդ միֆը:

Անկասկած, պատերազմը, ռազմական գործողությունները սարսափելի բան են և մշտապես հղի երկուստեք կորուստներով: Հնարավոր չէ ռազմական գործողությունների երկարատև շարունակություն միայն մեկ կողմի կորստով, ցավոք սրտի:

Բարեբախտաբար, հայկական կողմին հաջողվել է գրագետ գործողությունների շնորհիվ խուսափել մարդկային կորստից՝ փոխարենը հակառակորդին պատճառելով մարդուժի մեծ կորուստ: Սակայն հարցը տվյալ պարագայում այն է, որ ակնառու է մի բան՝ Ադրբեջանի բանակը, որ ըստ Ալիևի՝ ցանկացած պահի կարող էր «ազատագրել» ինչ-որ բան, հայտնվել է ծանր փաստի առաջ, և այդ փաստերի համար պատասխանատու պետք է լինի Ադրբեջանի նախագահը, որը երկրում ահռելի աղքատության պայմաններում նավթադոլարներն ուղղել է իր գրպան ու բանակ՝ վերածելով սպառազինության և ցուցադրելով դրանք շքերթների ընթացքում, հավաստիացնելով, որ ադրբեջանցիները աղքատ են, սակայն դա «հայրենիքի ազատագրման» համար է: Պայթում են ահա այդ միֆերը, իսկ ամբողջատիրական, բռնապետական, ժառանգական իշխանության համար դրանք ամենավտանգավոր պայթյուններն են:

Այն, որ Տավուշում սադրանքներին հայկական կողմի պատասխանի հետևանքով Ադրբեջանը կորցնում է երիտասարդ կյանքեր՝ Ալիևին չի հուզում բացարձակապես: Նրան հուզում է միայն իր կյանքի կորուստը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ ինչքան նա իր կյանքի համար մտահոգ՝ մահվան բերան է ուղարկում երիտասարդ ադրբեջանցիներին, այնքան ըստ էության էլ ավելի է խորանում իր կյանքի վտանգը, որովհետև ադրբեջանական հանրությունն ի վերջո ինչ-որ պահի պատասխան է պահանջելու նրանից: