Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա արտահերթ նիստի սկզբում անդրադարձավ հայ-ադրբեանական սահմանին տիրող իրավիճակին ու հակառակորդի սադրիչ գործողություններին։

«Երեկ՝ հունիսի 12-ին Արդբեջանի զինված ուժերը սադրիչ գորոծղություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը։ Ադրբեջանի զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են։ Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են; Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու՝ Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցութուն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայ տրամաբանությամբ:

Փաշինյանն ասաց՝ այս ռազմական միջադեպը չի առաջացել վակումով: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով:

«Հնարավոր է, որ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»,- հավելեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին:

Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակը Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը:

«Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական, պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է»,- նշեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում: