Adrbejan

Ադրբեջանում պաշտոնական հանգուցալուծում ստացավ արտգործնախարարի հարցը, կամ ավելի շուտ՝ Էլմար Մամեդյարովի հարցը, քանի որ նրա փոխարեն արտգործնախարար է նշանակվել կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը, որն իր թե՛ նախկին գործունեությամբ, թե՛ նաև մասնագիտությամբ որևէ կապ չունի արտաքին քաղաքականության և դիվանագիտության հետ:

Ասել կուզի, արտաքին գործերի նախարարին հեռացնելու հարցը լուծված է, իսկ ահա արտաքին գործերի նախարարի հարցը մնում է բաց, չնայած արդեն իսկ կատարված նոր նշանակմանը: Մամեդյարովի պաշտոնանկության հանգամանքներին, Ալիևի քննադատական ելույթին, Բաքվի ներիշխանական արդեն մի քանի տարի ծավալվող խմորումներին մենք անդրադարձել ենք բազմիցս: Մամեդյարովի պաշտոնանկությունը Ալիևի ոչ թե ուժի, այլ հակառակը՝ թուլության վկայություն էր, որի մասին նա ինքն էլ հենց խոստովանում էր ակամա՝ իր նախօրեի ելույթի տողատակում: Մամեդյարովի պաշտոնանկությունն ավելի շուտ այդ թուլությունը ծածկելու միջոց էր: Եթե Ալիևը դիմել է այդ միջոցին, ապա այստեղ, թերևս, խնդիր տեսնել պետք չէ, թող դիմի և ծածկի թուլությունը, քանի որ դա գուցե անհրաժեշտ է նրան տավուշյան կորստի հետ համակերպվելու համար:

Ալիևն այս պահին առավելագույնը կարող էր անել դա, և պետք չէ նրան զրկել դրա հնարավորությունից: Մյուս կողմից, ավելի հետաքրքիր է թերևս այն, թե ինչ տրամաբանությամբ է ընտրվել նոր արտգործնախարարը, որը, համենայնդեպս, առերևույթ չափանիշներով որևէ կերպ չի համապատասխանում այդ պաշտոնին: Սա, թերևս, նշանակում է, որ առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղափոխվում է Ալիևի աշխատակազմ և կկառավարվի կամ կհամակարգվի այնտեղից: Առավել ևս, որ աշխատակազմի ղեկավար Հիմքեթ Հաջիևը դրան ձգտում է վաղուց: Սակայն հետաքրքիր է, որ Հաջիևը չի նշանակվում նախարար, ինչը խոսում է այն մասին, որ արտգործնախարարության հարցում որոշումը, այդուհանդերձ, միայն Ալիևի աշխատակազմի գերակայությամբ չէ, եթե չասենք, որ գուցե ընդհանրապես գերակայությամբ չէ, և Բայրամովը նշանակվել է ի հակակշիռ աշխատակազմի ղեկավար Հաջիևի հավակնությունների:

Վերջին հաշվով, որքան էլ նոր նախարարը լինի այդ պաշտոնում անփորձ և ունենա կայանալու խնդիր, այդուհանդերձ, խոսքը քաղաքական պաշտոնի մասին է, ոչ թե ինչ-որ չինովնիկության: Դա էլ իր հերթին նշանակում է, որ քաղաքական այդ պաշտոնում Բայրամովը շատ արագ փորձելու է դուրս գալ նախագահական աշխատակազմի հնարավոր թելադրանքից: Այդպիսով, արտգործնախարարության հարցում ֆորմալ լուծման տողատակում ավելի նկատելի է ոչ թե որոշում, այլ կոնկրետ ու համալիր որոշման բացակայություն: Այսինքն՝ Մամեդյարովին չէ, որ հնարավոր չէր գտնել Բաքվում այս օրերին, այլ գուցե ընդհանրապես հնարավոր չէ գտնել իշխանություն, որպես այդպիսին: