Հաջորդ խորհրդարանի ընտրությանը հանրությունը կաջակցի այն ուժերին, որոնք աներկբա աջակցել են հեղափոխական արժեքներին, օրերս խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Այդ հայտարարությունը պարունակում է մի շարք հետաքրքիր շերտեր, առաջ բերելով մի շարք հարցադրումներ:

Ինչ էր դա՝ վարչապետի կանխատեսո՞ւմ, քաղաքական մտադրության կամ պլանի բարձրաձայնո՞ւմ, թե՞ ազդակ հեղափոխության աջակից ուժերին, որ պետք է համախմբվել, քանի որ համախմբվում է նախկին համակարգը: Համենայնդեպս ակնառու է, որ իրավիճակը պետք է հասկանալ ու վերլուծել բավականին հանգամանալից: Անկասկած է, որ Հայաստանը պետք է թոթափի նախկին քաղաքական համակարգն ու սերունդը, որն, ըստ էության, իր անելիքը լավ, թե վատ՝ հիմնականում վատ արած սերունդ է և պետք է հեռանա: Բայց ամբողջ հարցն այն է, թե ով պետք է գա, և ինչի շուրջ պետք է լինի այդ նոր սերնդի ձևավորման «դիսկուրսը»: Առայժմ այն խարսխված է հին համակարգի մերժման վրա: Դիտարկենք այդ իրավիճակը նախընտրական հիպոթետիկ շրջափուլի համատեքստում:

Կասկածից վեր է, որ այս կամ այն կերպ՝ հաջորդ ընտրական փուլին իր ներկայությունն է ունենալու նախկին համակարգը, դրա հետ ասոցացվող որևէ ուժ: Անգամ, եթե արգելվեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, նախկին համակարգի հետ կապ ունեցած բոլոր ուժերը, միևնույն է, կձևավորվեն նոր անուններ, որոնց միջոցով նախկին համակարգը կմասնակցի պայքարին: Այդ իմաստով բազմիցս ասել եմ, որ նախկին համակարգին ասպարեզից հեռացնելու առումով, որքան էլ գայթակղիչ և հեշտ է թվում, այսպես ասած, վիրահատական մեթոդը, միևնույն է, դա լուծում կամ բուժում չէ:

Քաղաքական ասպարեզից նախկին համակարգին հեռացնել հնարավոր է միայն բովանդակությամբ՝ նոր բովանդակությամբ, որը կլինի բացարձակապես այլ հարթություն ու մշակույթ և կբերի այլ որակի քաղաքական պայքար: Իհարկե, հնարավոր է ինստիտուցիոնալ և քրեաիրավական վերափոխումների միջոցով արմատախիլ անել նախկինի, այսպես ասած, գործիքների կիրառումը, մեխանիզմների կիրառումը՝ ընտրակաշառք, թաղային հեղինակություն և այլն: Իհարկե, և դա պետք է արվի:

Սակայն խնդիրն, իհարկե, դա չէ, առնվազն տվյալ դիտարկման շրջանակում: Խնդիրը «դիսկուրսն» է: Եթե պահպանվում է նախկինն ու ներկան, ապա՝ հեղափոխության աջակից ուժերին ձայն տալով, հանրությունն իրականում, այսպես ասած, ջլատում, մասնատում է ինքն իրեն: Որովհետև կա նախկին համակարգի շահառու շատ հստակ ընտրազանգված: Այն ևս տարալուծված է տարբեր ձևաչափերի ներքո, սակայն լինելով զգալիորեն ավելի փոքրաթիվ, այն կարող է շատ արագ կազմակերպվել կամ համախմբվել, եթե նախկին համակարգն ինքն իր մեջ լուծում է այդ հարցը, այսպես ասած, առաջին դեմքերի մակարդակով: Այստեղ, իհարկե, ամեն ինչ այդքան դյուրին չէ, սակայն դժվար է ասել, թե ինչ կլինի բուն ընտրարշավի շեմին: Հարցը, սակայն, անգամ քանակական հարաբերակցությունը չէ, այլ մթնոլորտային: Եթե կա նախկինի ուժեղ դրսևորում մթնոլորտի, բովանդակության իմաստով, ապա հեղափոխության աջակից հանրության վարքագծում, բնականաբար, առաջանում է պաշտպանական ռեակցիա: Եվ ո՞ւմ է ձայն տալիս հանրությունը։ Բնականաբար՝ հեղափոխական ուժերին: Բայց ո՞ր ուժերին, կամ քանի՞ ուժի:

Կասկածից վեր է, որ հեղափոխության հետ շարունակելու է առավելապես ասոցացվել Նիկոլ Փաշինյանը, ըստ այդմ՝ պաշտպանական ռեակցիան բերելու է այն ուժի օգտին քվեարկության, որտեղ նա է: Այդ դեպքում կստացվի, որ հեղափոխության արժեքների աջակից այլ ուժեր կզրկվեն ձայնից, ինչը, ինքնաբերաբար, կմեծացնի նախկին համակարգին հարող ուժերի ձայնային տեսակարար կշիռը ընդհանուր պատկերում: Եթե հանրությունը բաժանվի հեղափոխության արժեքների աջակից տարբեր ուժերի միջև, ապա դա էլ կարող է բերել ընդհանուր պատկերում հեղափոխական քվեի, այսպես ասած, ապակենտրոնացման: Այդպիսով, ակնառու է միջավայրի հարցը, որում պետք է տեղի ունենա խորհրդարանի հաջորդ ընտրությունն, ու, ըստ այդմ, ձևավորվի հաջորդ խորհրդարանը: Հանրությունն ընտրելու է պաշտպանակա՞ն բնազդով, թե՞ քաղաքացիական ինքնավստահությամբ, ըստ այդմ՝ ապագայի վերաբերյալ գաղափարական-ծրագրային պայքարի ուղենիշով: Եթե պահպանվի պաշտպանական բնազդ ենթադրող տրամաբանությունը, ապա դա արդեն իսկ հնարավոր կլինի դիտարկել որպես նախկին համակարգի փոքր, բայց, այդուհանդերձ, նախընտրական քաղաքական հաջողություն: