Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը՝ նշելով, որ այն վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Այսպիսով, ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը:

Նշենք, որ որոշման հրապարակմանը ներկա էին այլ անձինք, նաեւ`դատավորներ, որոնք եկել էին` իրենց աջակցությունը հայտնելու Ազարյանին: Մերժման որոշմանը նրանք արձագանքեցին ծափահարություններով:

Ինձ համար ցանկացած որոշում ԲԴԽ-ից սպասելի էր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, ԲԴԽ-ի հրապարակած որոշումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

«Եթե ինձ ոչ բարենպաստ որոշում կայացվեր, ապա ես կհամաձայնվեի»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք ԲԴԽ-ի այս որոշումից հետո դատավորներն ավելի անկաշկանդ են լինելու, դատավորն ասաց, որ չի կարող ասել։

Հարցին՝ ինքն իրեն համարո՞ւմ է անկաշկանդ դատավոր, Ազարյանն ասաց՝ այո։

Հարցին՝ ինչի՞ մասին է խոսում ԲԴԽ-ի այս որոշում, դատավորն ասաց. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որեւէ գնահատական տամ»։

Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ի այս որոշումով պայմանավորված ինքը կարո՞ղ է ասել, որ ԲԴԽ-ն կախված չէ քաղաքական իշխանությունից, դատավորն ասաց. «ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով»։

Հիշեցնենք՝ Բադասյանը նման միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատական նիստերից մեկի ժամանակ Ազարյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ-ի եւ ՀՔԾ պետի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Խոսքը «Հույս ունեմ՝ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին» եւ այլ արտահայտությունների մասին է: Նախարարի միջնորդության դեմ առարկել էր Ազարյանը՝ պնդելով, որ ինքը որեւէ մեկին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր կայացված որոշումը հրապարակվելուց հետո Ալեքսանդր Ազարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, հայտարարել է. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։

«Նշված հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե Ա. Ազարյանի վարքագծում նկատելի չլինեին անհանդուրժողականության և անձնական վիրավորանքի դաշտ տանող կրկնվող դրսևորումներ:

Այսպես,ս.թ. հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում դրսևորելով դատավորին ոչ հարիր վարքագիծ, Ազարյանը հայտարարել էր. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ–որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ»։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձեռնպահ մնաց դատավորի այս ոչ կոռեկտ, ավելին` էթիկայի տարրական կանոններին չհամապատասխանող արտահայտությանն արձագանքելուց` ակնկալելով, որ հիշյալ հարցի հանգուցալուծումը կիրականացվի իրավական գործիքակազմով, և իրավասու մարմնի կողմից կտրվի օբյեկտիվ իրավական գնահատական: Արդյունքում` Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` մեր համոզմամբ բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում, դատավոր Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց կարգապահական պատասխանատվության, ինչն էլ, թերևս, լրացուցիչ բարենպաստ մթնոլորտ ձևավորեց, որպեսզի հիշյալ սուբյեկտը շարունակի դրսևորել դատավորի բարեվարքության սահմաններից դուրս, ոչ ադեկվատ վարքագիծ: Ի վերջո, անպատժելիությունն Ազարյանին այնքան ոգևորեց, որ այսօր կայացած ԲԴԽ նիստից հետո վերջինս լրագրողների հետ զրույցում կրկին ձեռնպահ չմնաց գործածել իրեն բնորոշ` դատավորի բարեկրթությունը կասկածի տակ առնող բառամթերք:

Վերոգրյալը հաշվի առնելով` դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայության և նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսևորել առավելագույն հավասարակշռվածություն, կոռեկտություն և զսպվածություն, քանի որ, ինչպես մի առիթով նախկինում արդեն նշել ենք, անհավասարակշիռ, անզուսպ և անձնական վիրավորանքների անցած դատավորը շատ վտանգավոր է արդարադատության համար:

Այս ամենը հաշվի առնելով` լիահույս ենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից պատշաճ գնահատական կտրվի Ազարյանի հայտարարություններին, քանի որ նրա վարքագիծը հիմք է տալիս եզրակացնելու, որ վերջինիս կողմից դատավորի բարեվարքության կանոնները խախտելը սկսել է պարբերական բնույթ կրել, և այդ կանոնները վերստին սերտելու անհրաժեշտությունն ակնհայտ է»,- ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ: