Mamedyarov

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները, կապված Ադրբեջանի ԱԳՆ-ում այդ երկրի պետական անվտանգության ծառայության իրականացրած հատուկ օպերացիայի հետ:

Այդ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ ԱԳՆ գործերի կառավարիչը, որը Մամեդյարովի երկար տարիների զինակիցն ու ընկերն է: Գործը առնչվում է կոռուպցիային և պետությանը հասցված վնասին, ըստ պաշտոնական տեղեկատվության, որ տարածում են Ադրբեջանի ԶԼՄ-ները: Բաքվում հարուցված այդ քրգործով ձերբակալվել են ԱԳՆ նոր պաշտոնյաներ: Կհասնի՞ քննությունը Մամեդյարովին, եթե ոչ իրավական, ապա քաղաքական իմաստով: Այն, որ Բաքվի ԱԳ նախարարը հրաժարվում է մեկնաբանել իր հրաժարականի մասին խոսակցությունը, հուշում է, թերևս, որ այդ հարցում կան լուրջ քննարկումներ և ուժերի լուրջ դիմակայություն Բաքվի իշխանական միջանցքներում: Հակառակ պարագայում, Մամեդյարովը կամ կհերքեր իր հրաժարականի մասին տեղեկությունը, կամ այդ հրաժարականը արդեն եղած կլիներ:

Ակնառու է, որ ԱԳՆ-ում տեղի ունեցածը Մամեդյարովի դեմ է: Հարցն այն է, դա եղել է Ալիևի՞ հավանությամբ կամ նախաձեռնությամբ, թե՞ Ադրբեջանի իշխանության ազդեցիկ որևէ այլ թևի: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ կարող էր այդպիսի աղմկոտ օպերացիա լինել ԱԳՆ-ում, և դրա մասին տեղյակ չլիներ Ալիևը: Դա ուղղակի կնշանակի, որ Ալիևն Ադրբեջանում այլևս նախագահ չէ, այսինքն՝ նա է «հրաժարական» տված, ոչ թե Մամեդյարովի հրաժարականի հարց է օրակարգում: Իհարկե, հնարավոր է, որ Բաքվում պարզապես երկիշխանություն է նախիջևանյան և ապշերոնյան կլանների շրջանակում, որոնք կազմում են Ադրբեջանի կառավարող համակարգը:

Մամեդյարովը այդ իմաստով դառնում է ցուցիչ, թե ումն է առավելությունը: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը աչքի է ընկնում ռազմական հռետորաբանությամբ, և ռազմական թևը բավականին բաց տեքստով է այլևս թիրախավորում Մամեդյարովին, պետք է ենթադրել, որ նախիջևանյան կլանը փորձում է հասնել նրա հրաժարականին: Թե ինչու, բավականին բարդ է ասել: Ռազմա-քաղաքական և դիվանագիտական փակուղուց գոնե առժամանակ ելք գտնելո՞ւ, թե ՞ավելի ագրեսիվ դառնալու համար, միարժեք ասելը դժվար է: Մյուս կողմից, Մամեդյարովին պահելն էլ ավելի կխորացնի փակուղին և կարող է արդեն հասունացնել հարցը մինչև Ալիևի աստիճան, թեև չի բացառվում, որ այդ դեպքում գոլորշին բաց թողնվի պաշտպանության նախարարի մակարդակով: Առավել ևս, որ Ալիևն օրերս պաշտոնանկ էր արել պաշտպանության փոխնախարարի, դարձյալ կոռուպցիոն հարցերի համատեքստում, թերևս, իր համար ապահովելով նահանջը Մամեդյարովի հարցում մինչև վերջ գնալ չկարողանալու դեպքում: Այստեղ, սակայն, առանցքային հարցն այն է, թե արդյոք կա՞ արտաքին հանգամանք, հատկապես եթե նկատի առնենք այն, որ նախորդ տարեվերջին ապշերոնյան կլանը մեծ բոնուս ստացավ Մոսկվայից՝ Մեհրիբան Ալիևայի այցի ընթացքում: Իսկ դա իր հերթին չէր կարող չմտահոգել Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունից ռազմավարական բաժանման փուլ մտնող Անկարային: