Բաքվում հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը, անկասկած, կազմակերպվել է այդ երկրի իշխանության հստակ վերահսկողությամբ, և այստեղ, թերևս, չի կարող լինել երկրորդ կարծիք:

Ցուցարարները «պահանջել» են Ալիևից սկսել պատերազմ Հայաստանի դեմ, «հետ բերել Ղարաբաղը» և այլն: Ինչի՞ համար են Ադրբեջանի իշխանության այդ ցուցադրությունները՝ հայերին սարսափեցնելո՞ւ: Իհարկե, ոչ: Ալիևը հիանալի գիտե, որ հայերին դրանով չի կարող սարսափեցնել, առավելագույնը՝ զվարճացնել: Իհարկե, դա էլ չէ Ալիևի նպատակը:

Ադրբեջանի նախագահի նպատակը, թերևս, այդ հանրահավաքներով միջազգային հանրությանը ցույց տալն է, թե որքան մեծ է Ադրբեջանում պատերազմի պահանջը, հասարակական պահանջը, և թե որքան ջանք է իրենից պահանջվում հակադրվել այդ պահանջին ու չպատերազմել: Այսինքն՝ Ալիևի նպատակը, թերևս, խաղաղությունը միջազգային հանրության, ուժային կենտրոնների վրա հնարավորինս թանկ գնով վաճառելն է՝ հայկական բանակի պարտադրած խաղաղությունը: Ադրբեջանի նախագահը, Տավուշում ստանալով բավականին ուժեղ հարված, կանգնած է շատ ծանր ընտրության առաջ: Նա կամ պետք է գնա մասշտաբային պատերազմ-ինքնասպանության, կամ պետք է համակերպվի կորստի հետ: Բայց դա շատ բարդ է՝ համակերպվելը, որովհետև կորուստը շատ մեծ է:

Մյուս կողմից, պատերազմի գնալու դեպքում այն լինելու է առավել մեծ, և Ալիևը դա գիտե, որովհետև պատերազմի գնալու պարագայում նա գնալու է ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային անվտանգության համակարգի, միջազգային հանրության դեմ: Այդ պայմաններում Ալիևը փորձում է դուրս գալ իրավիճակից գոնե, շատ թե քիչ, քաղաքական դիվիդենտով՝ իրավիճակին համակերպվելու, պարտադրված խաղաղությունն ընդունելու հանգամանքը գոնե ինչ-որ քաղաքական դիվիդենտի դիմաց: Առավել ևս, որ Ալիևին, իհարկե, միջազգային աջակցությունը պետք է գոնե իշխանության հարցում ներսում խնդիր չունենալու համար: Կտա՞ն այդ աջակցությունը, թե՞ ոչ: Դա է խնդիրը: