ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ՝ սահմանափակելով այն մետաղների ու նյութերի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Իսլամական Հանրապետության միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերի համար: Այդ մասին, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Այսօր Պետդեպարտամենտը 22 կոնկրետ նյութեր է որոշել, որոնք օգտագործվում են Իրանի միջուկային, ռազմական կամ բալիստիկ հրթիռային ծրագրերի առնչությամբ: Նրանք, ովքեր գիտակցաբար այդպիսի նյութեր կտան Իրանին, այժմ կհայտնվեն պատժամիջոցների ներքո»,-ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:

Նրա պնդմամբ, Իրանի միջուկային, բալիստիկ եւ ռազմական ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության համար»:

Բացի այդ, արգելված են Իրանի շինարարական ճյուղի համար նյութերի մատակարարումները, քանի որ կարծում են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «վերահսկում է երկրի շինարարական սեկտորը»:

«ԻՀՊԿ-ի շինարարական ընկերությունը եւ նրա բազմաթիվ այլ դուստր ձեռնարություններ առաջվա պես գտնվում են ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, քանի որ նրանք անմիջական մասնակցություն են ունեցել Ֆորդոյում ուրանի հարստացման օբյեկտի շինարարության գործում»,-նշվում է հայտարարության մեջ:

Արգելքի տակ հայտնված 22 մետաղների եւ նյութերի թվում են՝ ալյումինի ձուլվածքները, ալյումինի փոշին, առանձին մակնիշների պողպատ, այդ թվում՝ չժանգոտվող, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: