Ռմբակոծությունների հիմնական թիրախն են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա փոխանցմամբ՝ առավոտվա ամբողջ ընթացքում բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ: Այս պահին ունենք 30 վնասված առանձնատուն, երկու տուն հնարավոր չէ վերականգնել, զրոյից կկառուցվի. «Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով՝ մեր քաղաքացիական բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա, մասնավորապես պատսպարման առումով։ Մեր քաղաքացիները հիմնականում այդ ընթացքում գտնվել են ապաստարաններում և նկուղներով։ Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- ասաց Հայկ Չոբանյանը։