Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է արել՝ այս անգամ նշելով, թե Ազգային ժողովի 89 պատգամավորներն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. «Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը, 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով»:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ՄիքայելՄինասյանը շարունակում է իշխանությունների դեմ պայքարում իր որդեգրած կուրսը, և սպասելի էր, որ նման բնույթի գրառում է կատարելու: «Վերցրել են կուրս, որի համաձայն՝ այն ամենը, ինչ իրականացվում է Հայաստանում, օրենքից դուրս է, և փորձում են այդ կուրսի հիման վրա կառուցել իրենց քաղաքական բազիսը, որի հիման վրա հետագայում, ըստ նրանց, կկարողանան քաղաքական դիվիդենդներ շահել»:

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք իշխանության բացթողումը չէ՞ այն փաստը, որ իշխանություններին դատելուց խոսում է մի մարդ, որը պետք է վաղուց արդեն դատապարտված լիներ, քաղաքագետը պատասխանեց: «Ինչքան հասկանում եմ՝ Միքայել Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ, թեև դատարանն այսօր ևս չբավարարեց նրան կալանավորելու միջնորդությունը: Այնուամենայնիվ, հայտարարված է հետախուզում, և Միքայել Մինասյանին գտնելու դեպքում, կարծում եմ, նա գոնե նախնական կալանքի կվերցվի: Իշխանության բացթողումը ես տեսնում եմ այնքանով, որ Միքայել Մինասյանի նկատմամբ գործողությունները բավականին ուշ են սկսվել, նա հասցրել է այս ընթացքում լքել Հայաստանի Հանրապետությունը: Երբ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել՝ պետք է քննչական գործողություններ արվեին, ու կանխվեր ոչ միայն Միքայել Մինասյանի, այլև շատերի՝ Հայաստանը լքելը, և այդ դեպքում մենք այսպիսի իրավիճակ չէինք ունենա: Սակայն այս պահի դրությամբ մենք ունենք այն իրավիճակը, որին հասել ենք, ու հիմա առաջին հերթին Միքայել Մինասյանին պետք է գտնել, հետո որոշել, թե նրա հայտարարություններն ինչ ենթատեքստ ունեն ու ինչպես պատասխանել այդ հայտարարություններին»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ իշխանությունները պետք է նման հայտարարություններին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն, որովհետև սա հեղաշրջման նախապատրաստության մասին հայտարարություն է: «Սա հանցագործության մասին հաղորդագրություն է, քաղաքական իմաստով՝ հեղաշրջման մասին հայտարարություն: Պետք է մաքրման օպերացիա անեն՝ իրենց պարագլուխներով, ԱԱԾ-ն պետք է հատուկ վերահսկողության տակ վերցնի այն մարդկանց, ումից սպառնալիք է գալիս, ոչ թե նրանց, ում խփելու են, այլ գլխավորներին, կազմակերպիչներին, որպեսզի երկրում քաոս չառաջանա»,- ասաց նա:

Անկայունություն ստեղծելու համար կարող են աղետներ կազմակերպել, պայթյուններ, որոնք հեղաշրջման նախանշան են: «Իշխանությունը պետք է այդ հարցով զբաղվի, և որ ամենակարևորն է՝ գտնի դրան, բերի Հայաստան ու դատարան ուղարկի: Դա անխուսափելի է, իշխանությունը պետք է այդ հարցը լուծի. ինչքան ուշ պայթեցվի թարախապալարը, այնքան վատ: Կարող է հակառակը լինել՝ իրենք պայթեցնեն»,- եզրափակեց նա: