Erdoghan Putin

ԱՄՆ լրատվամիջոցներում, հայկական կազմակերպություններում, Հայաստանում մեծ արձագանք է առաջացել Սպիտակ Տան խոսնակի ճեպազրույցից հետո, որտեղ նա հիշատակելով ԱՄՆ-ում անցնող շաբաթների անկարգությունների ընթացքում վանդալիզմի դեպքերը, նշել է նաեւ հայերի ցեղասպանության հիշատակի հուշարձանի պղծումը Դենվերում: Սպիտակ տան խոսնակն օգտագործել է ցեղասպանություն բառը:

Դա նկատվել է անմիջապես: Նշվում է, որ այդպես խոսնակը կարող էր պարզապես նշել հուշարձանի անվանումը, սակայն լրատվամիջոցներում միաժամանակ գրում են, որ նախկինում արգելված էր անգամ այդպիսի հիշատակումը:

Փոխե՞լ է արդյոք Սպիտակ Տունը հայերի ցեղասպանության իրողության վերաբերյալ գնահատականը եւ Մեծ Եղեռնին արդյոք փոխարինում է ցեղասպանություն եզրույթը:

Հայաստանում կգտնվեն շատերը, որոնք անմիջապես ձեռնամուխ կլինեն հասարակությանը «հանգստացնելու», թե խոսնակի հայտարարությունը չի նշանակում ոչինչ, «էյֆորիա» պետք չէ եւ այլն: Ինչպես որ այդպիսիք գտնվեցին Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում նախորդ տարեվերջին հայկական երկու բանաձեւերի ընդունումից անմիջապես հետո:

Մի քիչ կարող է զավեշտալի հնչել, բայց մեծ է հավանականությունը, որ անգամ Թուրքիայի դեմ իրավական գործընթաց սկսելու, կամ նույնիսկ պատմական Հայաստանը ազատագրելու դեպքում, նույն մարդիկ հայերին դարձյալ խորհուրդ կտան «չոգեւորվել»:

Պատճառը թերեւս այն է, որ հայկական «ոգեւորությունը» կարող է բավականին պատասխանատու իրավիճակ ստեղծել Ռուսաստանի համար, որի ստորագրությունը ռուս-թուրքական դարավոր պայմանագրերի տակ է: Պայմանագրեր, որոնք գործնականում ցեղասպանության եւ դրա հետեւանքի յուրօրինակ կնիք են: 2021 թվականին լրանում է այդ պայմանագրերի 100-րդ տարելիցը, եւ Անկարան ու Մոսկվան կանգնած են այդ փաստի առաջ՝ պայմանը ավարտվու՞մ է, թե՞ շարունակվում:

Անկասկած է, որ շարունակությունը թշնամական ակտ է Հայաստանի Հանրապետության հանդեպ: Չի բացառվում, որ դիտարկվում է «լռության» տարբերակը, այսինքն Անկարան ու Մոսկվան որոշում են «չնկատել» տարելիցը, մինչ կփորձեն հասկանալ, թե ինչ է կատարվում:

Ահա այդտեղ է, որ քաղաքական նշանակալի արժեվորում է ստանում այն, ինչ հայկական հարցի առումով ծավալվում է Նահանգներում վերջին երկու-երեք տարիներին, հռետորաբանության փոփոխության, միաժամանակ նաեւ Կոնգրեսի բանաձեւերի մակարդակով հայկական հարցը քաղաքական նոր հարթություն բարձրացնելու իրավա-քաղաքական ակտով: ԱՄՆ Անկարայի եւ Մոսկվայի համար ստեղծում է «հայելային առերեսում», թույլ չտալով ունենալ պայմանագրերի 100-րդ տարելիցը «լռության» մատնելու հնարավորություն:

ԱՄՆ անշուշտ դա չի անում հայ ժողովրդի հանդեպ անսահման սիրով լցված: Միջազգային քաղաքականություն է, ոչ թե սեր: Նահանգները փորձում է երկրորդ անգամ Կովկասում թույլ չտալ ռուս-թուրքական դաշինք, եւ հայկական հարցն այստեղ հիմնարար գործիք է: Այդ քաղաքականությունը բերել է Նահանգների ու Հայաստանի մոտեցումների եւ շահերի այնպիսի ընդհանրության, որը Երեւանին թույլ է տալիս լուծել ռեգիոնալ անվտանգության համակարգի կարեւորագույն հարցեր, բյուրեղացնել այդ համակարգը այն տրամաբանության շրջանակում, որ ձեւավորվել է արցախյան հաղթանակի շնորհիվ:

Հայկական հարցում հայերին չի սպառնում «ավելորդ ոգեւորություն»: Հայերը շատ բան են տեսել այդ հարցում, պատրանքների չտրվելու համար: Հակառակը, հայկական հարցում հայերին թերեւս անհրաժեշտ է թերարժեքության եւ զոհի բարդույթից ազատում եւ սեփական իրավունքների ինքնավստահ շարադրում, ձեւավորելով դրա շուրջ աշխարհքաղաքական պատասխանատվության շրջանակը: Դա է նոր աշխարհակարգում նախկին պատմության կրկնություն թույլ չտալու եւ օբյեկտային նշանակությունից սուբյեկտային դերակատարության անցնելու ճանապարհը: