danakaharutyun

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Բագրատունյաց փողոցում գտնվող ծխախոտի մանրամեծածախ վաճառքի սրահ և որպես զենք օգտագործվող դանակի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել գումար:

Խանութի աշխատակցուհին դիմադրել և սրահում առկա ախտահանիչ նյութը ցանել է տղամարդու դեմքին, այնուհետև աթոռով հրելով նրան՝ դուրս է հանել խանութից, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով: Աշխատակցուհին տուժող է ճանաչվել և հարցաքննվել:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, զննության է ենթարկվել խանութի տեսանկարահանող սարքի տեսագրությունը, կատարվել է դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: