ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ ծառայողական ավտոմեքենաների հարցին։ Միրզոյանին հիշեցրին տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը հիացմունքով էր խոսել Դանիայի խորհրդարանի մասին, որտեղ ծառայողական ավտոմեքենայից օգտվում է միայն խորհրդարանի խոսնակը։

Հարցին, թե ինչու դառնալով իշխանություն չեն հետևում Դանիայի օրինակին Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ  Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների տեղակալները, աշխատակազմերի ղեկավարի տեղակալներն այլևս չեն օգտվում ծառայողական ավտոմեքենաներից։

Միրզոյանի խոսքով, ապագայում պետք է հասնել իրավիճակի, որ միայն խոսնակն օգտվի ծառայողական ավտոմեքենայից, բայց հիմա հարցը պետք է  դիտարկել իշխանության ճյուղերի հակակշռումների համատեքստում, որովհետև կա կարծիք, որ այդպիսի բաները համամասնորեն պետք է արվեն օրենսդիր, դատական, գործադիր իշխանություններում, որպեսզի թեկուզ նշանային հարթության վրա իշխանության որևէ ճյուղի հեղինակությունը մյուսի հաշվին չընկնի կամ չգերազանցի։