Gagik Tsarukyan

Հրայր Թովմասյանի և մյուսների գործով ՄԻԵԴ որոշումը՝ չբավարարել դիմումի միջանկյալ պահանջը, այն է՝ մերժել Սահմանադրության հայտնի փոփոխության կասեցման պահանջը, մեծ հաշվով չարժե դիտարկել մեծամասնության հաղթանակի կամ Թովմասյանի պարտության համատեքստում, քանի դեռ չկա դիմումի ամբողջական քննություն ու եզրակացություն:

Մյուս կողմից սակայն, անկասկած է, որ ՄԻԵԴ որոշումը փաստացի արձանագրում է, որ եվրոպական բարձր դատարանը ճանաչում է Հայաստանում կատարված Սահմանադրության փոփոխությունը, ինչով առնվազն այդ մակարդակում փաստորեն մերժվում են նախկին իշխող համակարգի գնահատականները, թե տեղի ունեցած փոփոխությունը սահմանադրական հեղաշրջում էր: Համենայն դեպս ՄԻԵԴ մակարդակով մերժվում է այդ գնահատականը: Դա իհարկե չի նշանակում, որ նախկին իշխող համակարգն իր գնահատականը փոխելու է: Բայց արձանագրվում է, որ այդ գնահատականը չունի եվրոպական աջակցություն: Այստեղ հարցը այն չէ, որ եվրոպական աջակցություն ունենալ-չունենալը էապես ազդելու էր կառավարող մեծամասնության որոշման ընթացքի վրա: Որովհետև, եթե օրինակ եվրոպական որևէ կառույցի ճնշման տակ Հայաստանի քաղաքական մեծամասնությունը հետ կանգներ իր քայլից, դա կլիներ լրջագույն քաղաքական պարտություն թե ներքին, թե արտաքին մակարդակում: Դա հավասարազոր կլիներ քաղաքական ինքնասպանության:

Հարցն այստեղ այլ է, որ փաստորեն եվրոպական կառույցը, ի դեպ նախ Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ Թովմասյանի նամակին հղած պատասխանով, և հետո ՄԻԵԴ-ը, փաստորեն հրապարակավ տարանջատվում են այն քաղաքական նպատակներից, որ ուներ կամ ունի Հայաստանի իշխող համակարգը: Եվ այստեղ առաջանում է թերևս բավականին հետաքրքիր մի հարց, որը հնչում է հիպոթետիկ, սակայն ունի գոյություն ունենալու իրավունք, որովհետև խոսքը նշանակալի հանգամանքի մասին է: Հարցը հետևյալն է. արդյո՞ք եվրոպական դիրքորոշման վրա ազդեցություն է ունեցել «հակառուսականության» վերաբերյալ ԲՀԿ նախագահ Ծառուկյանի հայտարարությունը, որով նա գործնականում ներկայացնում էր Հայաստանում այսպես ասած ընդդիմադիր գործընթացը առաջնորդելու հայտ, և փաստացի դեպի Ռուսաստան առաջնորդելու հայտ: Հնարավոր է, որ Հրայր Թովմասյանին ՄԻԵԴ իհարկե զուտ իրավական պատասխանի տողատակում այդուհանդերձ կա Հայաստանում հնչած այդ հայտարարության քաղաքական արձագանքի համատեքստ: