Բելառուսում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվան ու Մինսկը Պուտին-Լուկաշենկո հանդիպման ընթացքում փոխըմբռնման են եկել գազի գնի ձևավորման շուրջ:

Թե մանրամասն ինչ է ենթադրում այդ փոխըմբռնումը՝ դեսպանը չի նշել, և դեռևս մանրամասներ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ Մոսկվան գազի գնի հարցում ակնկալիքները բավարարելու համար իր հերթին ակնկալում էր ավելի խորը ինտեգրացիա, ինչպես ԵՏՄ վերջին տեսավեհաժողովում ասել էր ՌԴ նախագահը:

Ինչպես հայտնի է, Երևանն ու Մինսկը, որ ակնկալում են սահմանին գազի գնի նվազում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, չեն ընդունում խորը ինտեգրացիայի մոսկովյան ակնկալիքը: Ինչ է ստացվում՝ ՌԴ նախագահին հաջողվե՞լ է կոտրել Լուկաշենկոյին, թե՞ նա է հաղթահարել կամ կոտրել Պուտինի դիմադրությունը: Իհարկե, այդ ամենի մասին ավելի հստակ պատկերացում կլինի, երբ հայտնի դառնան բոլոր մանրամասները: Այդժամ հնարավոր կլինի ասել, թե ով՝ ում: Հայտնի է միայն, որ վերջին շրջանում Լուկաշենկոն բավականին կոշտ հռետորաբանությամբ էր խոսում Ռուսաստանի մասին՝ հայտարարելով, թե Մոսկվան փորձում է վերցնել Բելառուսի ինքնիշխանությունը, ինչին դիմադրողը ինքն է:

Ավելին, Լուկաշենկոն հայտարարում էր, թե ռուսաստանցի օլիգարխները ֆինանսավորում են ընդդիմությանը Բելառուսում նախագահի՝ օգոստոսին տեղի ունենալիք ընտրությանն ընդառաջ ապակայունություն առաջացնելու համար: Անկասկած է, որ Ռուսաստանում չկա անկախ օլիգարխ, որը առանց Կրեմլի իմացության կարող է անել այդպիսի ֆինանսավորում: Ըստ այդմ, Լուկաշենկոն մեղադրում էր Կրեմլին: Օրերս էլ նա հայտարարել էր, թե Պուտինին ասել է, որ առանց Ռուսաստանի Բելառուսը կդիմանա, իսկ ի՞նչ պետք է անի Ռուսաստանն առանց Բելառուսի: Արդյո՞ք Լուկաշենկոյի այդ բոլոր խոսքերը եղել են օդ, ձևականություն, իսկ իրականությունն այն է եղել, որ Պուտինը նրան պարտադրել է իր պահանջները: Համենայնդեպս, ՌԴ դեսպանը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են մինչև այս տարեվերջ միութենական պետության նախարարների խորհրդի նիստ անցկացնել՝ «բավականին ծավալուն օրակարգով»։

Այս պատմության մեջ, իհարկե, հատկանշականն այն է, ինչի մասին մենք խոսել ենք դեռևս ամիսներ առաջ, երբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Բելառուսի նախագահի միջև: Խոսել էինք այն մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կարող ենք ունենալ նույն խնդիրները, սակայն այդ հարաբերություններում Լուկաշենկոն ըստ էության չի կարող լինել Հայաստանի դաշնակից, և սխալ կլինի, եթե Հայաստանը որևէ հարցում որևէ քայլ կառուցի Բելառուսի աջակցության հաշվարկով: Առավել ևս, որ պաշտոնական Երևանն այդ առումով ունի թերևս անփոխարինելի մեկ դաշնակից՝ Հայաստանի հանրությունը: Մի բան, որ այս պահին չունի Լուկաշենկոն, որն ունի նախագահի պաշտոնը պահելու խնդիր: