Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քաղաքացիները դիմել են 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը ԲՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկատվությամբ, ինչի առիթով հարուցվել է քրգործ:

Քաղաքացիներին ուղղված աջակցության կոչով օրերս հայտարարություն էր արել Ազգային անվտանգության ծառայությունը, որը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի արդեն հայտնի քրգործին: Այն, ինչպես հայտնի է, ևս վերաբերում է ընտրակաշառքին: Փաստորեն, այս անգամ քաղաքացու դիմումի հիման վրա հարուցվելու է ևս մի քրգործ: Արդյոք սպասվո՞ւմ է ԲՀԿ ընտրակաշառքի վերաբերյալ քրգործերի տարափ, որոնք փաստորեն կվերաբերեն կուսակցության ամենատարբեր ֆունկցիոներների: Այլ կերպ ասած, կարող է ստացվել իրավիճակ, երբ քրեաիրավական գործընթացի բուն հարվածն ուղղված է ոչ թե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կամ քաղաքական այլ դեմքերի, որոնք պատգամավոր են, այլ կուսակցության ֆունկցիոներներին: Անկասկած, իհարկե, հարգելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ, զուտ մեխանիզմի տեսանկյունից անկասկած է, որ որևէ քաղաքական միավոր ընտրակաշառք բաժանում է ոչ առաջնորդի կամ առաջնորդների ձեռքով: Այդ մեխանիզմը աշխատեցնում են տարբեր աստիճանակարգի ֆունկցիոներները:

Ըստ այդմ, չկան ֆունկցիոներները, չկա նաև մեխանիզմը, որով աշխատում է քաղաքականությունը դեգրադացնող այդ երևույթը: Ինչպիսին է տրամաբանությունը ԲՀԿ շուրջ իրավիճակում, պետք է պարզի և հանրությանը ներկայացնի քննությունը, սակայն ԱԱԾ կոչն այդ իմաստով բավականին հատկանշական էր, և փաստորեն առկա են առաջին արձագանքները: Ընդ որում, այդ ֆոնին էլ առկա է կուսակցության առաջատար դեմքերի մի զգալի մասի կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Թե՛ ԲՀԿ առաջնորդին ու կուսակիցներին, թե՛ բոլոր քաղաքացիներին՝ անկախ որևէ կուսակցական պատկանելությունից և քաղաքական նախասիրությունից, բոլորին մաղթում ենք շուտափույթ ապաքինում կորոնավիրուսից, իսկ իրավիճակն այս պարագայում հատկանշական է նրանով, որ կուսակցության առաջնորդն ու առաջատար դեմքերը ստիպված են մեկուսանալ անմիջական կուսակցական գործերից ու շփումներից որոշակի ժամանակահատվածով: Այլ կերպ ասած, եղավ վարակի ու քննության բավականին անհարմար համընկնում: Ինչ ազդեցություն կունենա այն ԲՀԿ քաղաքական առողջության համար, այն դեպքում, երբ ԲՀԿ շուրջ արդեն վաղուց հավաքված են ուժեր, որոնք սպասում են «սուրբ տեղը» դատարկ չթողնելուն:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •