«Հակառուսականության» դեմ ամեն ինչ անելու մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության հաջորդ օրն իսկ հայտարարություն տարածեց Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը շոշափում էր «հանրային համերաշխության» թեման:

Նկատելի է, որ Արթուր Վանեցյանն այդ հայտարարությամբ փորձեց նրբորեն տարանջատվել Գագիկ Ծառուկյանից, որի կուսակցության հետ Հայրենիքն ու ՀՅԴ-ն քննարկում են համախմբման հարցեր:

Փաստացի ստացվում է, որ Հայրենիքը եւ ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ քննարկում են «հակառուսականության դեմ ամեն ինչ անելու» հարցեր, որովհետեւ ԲՀԿ նախագահի հայտարարությունը միարժեք էր, որ քաղաքական այդ միավորը հենց դա է դիտարկում Հայաստանում իր քաղաքական դիրքավորման առանցքը: Եվ դա ռացիոնալ է, որովհետեւ հատկապես վերջին իրադարձությունների եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համատեքստում շատ հստակ էր, որ բիզնեսի հիմքով քաղաքականության մեջ գտնվող ԲՀԿ-ին Հայաստանում մնում է մի բան՝ դառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում ՌԴ «դեսպան»: Այլ առաքելություն կուսակցությունը չունի, քանի որ նախահեղափոխական եւ որոշակիորեն նաեւ հեղափոխական շրջանում բուֆերի դերակատարումը իմաստազրկվում է նոր իրողությունների բերումով:

Նոր աշխարհակարգի ձեւավորման ընթացքը եւ միտումները Հայաստանից պահանջում են բոլորովին այլ քաղաքական համակարգ, համակարգի բոլորովին այլ բովանդակություն: ԲՀԿ-ն այդ համատեքստում գտել է իր միակ «իմաստավորված» տեղը: Կամ գտել են ԲՀԿ տեղը:

Այլ հարց է, թե արդյոք դա բավարարելու է Ռուսաստանին: Դրա մասին խոսելու առիթներ եղել են եւ դեռ կլինեն: Այստեղ ուշագրավ է «եռյակի» մյուս մասնակիցների դիրքորոշումը, որոնք նույնպես Ռուսաստանի հետ սերտ կապերի կողմնակից են: Այն, որ ԲՀԿ հետ համախմբում քննարկող Վանեցյանը չի շտապում միանալ նրա թեմային, խոսում է ոչ միարժեք իրադրության մասին:

Դեռեւս այդ թեմայով չի խոսում ՀՅԴ-ն: Դաշնակցության վիճակն այդ առումով իհարկե առավել քան բարդ է: Բանն այն է, որ «հակառուսականությունն» այն տեսքով, որը նկարագրում է ԲՀԿ-ն, ՀՅԴ խորքում է, կենսագրական առանցքում: Խոսքը հենց Հայ դատի, հայկական հարցի մասին է, հայկական պատմա-քաղաքական իրավունքների եւ դրանց հանդեպ քաղաքական դիրքորոշման ու հարցադրումների, հայկական տարածքների, կյանքերի վրա կնքված ռուս-թուրքական պայմանագրերի ապագայի մասին:

Այդ ամենն է, որ շահադիտական նկատառումներով կնքվում է «հակառուսականություն»: Մինչդեռ, ինչպե՞ս կարող է իր հատկապես վերջին տարիների գործունեության հակասականությամբ հանդերձ, համահայկական ազգային-քաղաքական կյանքի առանցքային կառույցներից մեկը չդնել այդ հարցերը, չհետապնդել դրանք եւ չբարձրաձայնել այդ մասին: