Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի համաձայնել նախագահ Արմեն Սարգսյանի այն դիտարկմանը, թե, ի տարբերություն ներկայիս կարգի, արժե ՍԴ դատավորների թափուր տեղերը լրացնել ոչ թե ԱԺ ընտրության, այլ նշանակման սկզբունքով:

Հայտնի է, որ ներկայումս կարգը հետևյալն է՝ ինը դատավորի համար երեքական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն նախագահը, կառավարությունն ու ԲԴԽ-ն: Բայց բոլոր թեկնածուներին, փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրում է խորհրդարանը:

Ըստ էության ստացվում է, որ չնայած առաջադրման տարբերակվածությանը, որի նպատակը, թերևս, բալանսավորվածությունն է, ընտրությունն այդուհանդերձ կատարվում է չբալանսավորված, այսինքն՝ մեկ ուժի ձեռքով: Հետևաբար՝ այդ ուժը հավանության կարժանացնի միայն այն թեկնածուին, որին կհամարի քաղաքականապես նպատակահարմար: Այսինքն՝ բալանսավորվածության սկզբունքը ստանում է զգալիորեն ձևական բնույթ:

Հենց այդ մասին Արմեն Սարգսյանը խոսել էր նախօրեին, ընդունելով Սահմանադրության փոփոխության աշխատանքային խմբի անդամներին: Միաժամանակ պարզ է, որ ՍԴ դատավորների թեման ներկայումս առավել արդիական է: Ու նաև, այդ գործընթացը որոշակիորեն ժամանակի մեջ ձգվել է այն պատճառով, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրում այն փաթեթը, որն ընդունել էր ԱԺ-ն օրերս: Արդյոք այստե՞ղ է նաև պատճառը, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրում՝ ակնկալելով, որ նոր քաղաքական մեծամասնության հետ համաձայնության կգան նոր Սահմանադրությամբ առաջադրման նոր կարգ սահմանելու համար:

Մյուս կողմից, խոշոր հաշվով, այդ կարգից օգտվողն Արմեն Սարգսյանը չէ, որ լինելու է: Նա պաշտոնավարելու է մեկ ժամկետ և 7 տարի: Երեքն արդեն անցել է: Նոր Սահմանադրություն կլինի, թերևս, միայն 2021-ին, եթե ոչ ավելի ուշ: Այդ ընթացքում Արմեն Սարգսյանին կմնա պաշտոնավարելու 2-3 տարի, որի ընթացքում հազիվ թե լինի ՍԴ դատավոր առաջադրելու, ասել կուզի՝ նշանակելու առիթ: Ըստ այդմ, հազիվ թե Արմեն Սարգսյանի առաջարկն ու չստորագրելն ունեն կապ: Թե ինչի հետ կապ ունի չստորագրելը, գուցե ինչ-որ առիթով կասի ինքը՝ Սարգսյանը: Տվյալ պարագայում դիտարկենք նրա առաջարկը նշանակման վերաբերյալ: ԱԺ նախագահն ասում է, որ գործող կարգը լավն է:

Քաղաքական մեծամասնության դիրքից, անկասկած: Այդ մեծամասնությունն ունի ՍԴ ձևավորելու փաստացի միանձնյա հնարավորություն: Մյուս կողմից, եթե առաջադրողներն էլ առաջադրեն մեծամասնության քիմքին ոչ համարժեք թեկնածու, կարող է առաջանալ ճգնաժամ: Ստացվում է, որ գործող կարգը, կարծես թե, այդքան էլ լավը չէ, եթե դիտարկում ենք հանրային-պետական շահի տեսանկյունից: Երբ այդ կարգը սահմանում է նախկին համակարգը, դա հասկանալի է, այստեղ ամեն ինչ կայացվում էր ներհամակարգային, «պոլիտբյուրոյի» կոնսենսուսով և հաստատվում խորհրդարանում, կամ մերժվում, եթե չկար այդ կոնսենսուսը: Եթե Հայաստանը կառուցում է արդիական խորհրդարանական համակարգ, որտեղ գործում են հակակշիռներ և ժողովրդավարական սկզբունքներ, ապա չի կարող նախկին համակարգի տրամաբանությամբ ձևավորված կարգը լինել լավը: Այն լավն է քաղաքական կոնկրետ մեծամասնության համար, բայց առնվազն քննարկելի է, եթե դիտարկում ենք ավելի լայն՝ պետական և հանրային շահի շրջանակում: