Կորոնավիրուսով վարակված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական հայտարարությունն է տարածել՝ հորդորելով կառավարությանը լրջանալ և աշխատել: Ի տարբերություն նախկին հայտարարությունների՝ այժմ Ծառուկյանը կառավարության հրաժարականի մասին չի խոսում, նաև անդրադարձ չկա, իր իսկ խոսքերով ասած, հակառուսական տրամադրություններին:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ ողջ հայտարարության մեխը մեկ նախադասություն է. «Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ»:

Ֆեյսբուքյան իր էջում Հմայակ Հովհաննիսյանը գրել է. «Այս ինքնախոստովանությամբ Գագիկ Ծառուկյանն իր պատրաստակամությունն է հայտնում խոնարհաբար մատուցելու Նիկոլ Փաշինյանին այն նույն ծառայությունները, որոնք տարիներ շարունակ ջանասիրաբար մատուցել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանը դառնալ նրա համար մի նոր Սերժ Սարգսյան՝ արդեն երկրորդ անգամ հնարավորություն ընձեռելով պաշտոնապես Դոդի Գագո հռչակվելուց ու բամփվելուց հետո նորից անցնել ժողովրդից գողացած փողերով իշխանությունն ու ընդդիմությունը «կամրջելու» և քաղաքական հաճախորդությունը սնուցելու գործին: Բարգավաճող կուսապուշները մինչև հիմա չեն հասկացել, որ հեղափոխությունն իրենց այդ «բալանսավորող» տեսակը դարձրել է ավելորդ, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է և հավատարիմ է հեղափոխության իդեալներին՝ նրանք քաղաքականության մեջ տեղ չունեն: Նրանց արժանի տեղը Նիժնի Տագիլի գաղութն է, այլ ոչ թե քաղաքականությունը»: