Ilham Aliev

Ադրբեջանը հուլիսի 14-ի առավոտյան սկսել է թիրախավորել Հայաստանի Տավուշի սահմանագոտու քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Բաքվի այդ քայլը խոսում է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հուսահատության մասին:

Այսպես ասած ռազմական դաշտում ստացած ուժեղ հարվածից հետո Ադրբեջանի նախագահը անցել է փաստացի ահաբեկչական մարտավարության, թիրախավորելով խաղաղ բնակչությանը:

Այդ հուսահատ ագրեսիայի պատճառն անշուշտ այն է, որ Ալիեւը մնացել է իր ռազմական պարտության հետ մենակ: Ադրբեջանը չստացավ որեւէ աջակցություն որեւէ ուժային կենտրոնից: Գործնականում թե համանախագահ երկրները, թե հարեւան Իրանը հայտարարեցին կրակը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին, ինչը գործնականում այլ բան չէ, քան կատարվածի հետ համակերպվելու հորդոր Ադրբեջանի նախագահին: Անգամ Թուրքիան, որ թվում է արեց հերթական միակողմանի հայտարարությունն ու «ավագ եղբոր» դիրքից աջակցեց Ալիեւին, արեց դա բավականին նուրբ տողատակով, պատասխանատվությունը թողնելով Ադրբեջանի նախագահի վրա՝ «կլինենք նրա կողքին, ինչ որոշում էլ կայացնի»

Ալիեւն իհարկե խոշոր հաշվով մենակ է մնացել վաղուց, այն իմաստով, որ նա վաղուց դարձել է ռեգիոնալ քաղաքականության փակուղի տանող ճանապարհ, ինչի պատճառը սեփական իշխանության կառուցման հենքի ընտրության հարցում ճակատագրական դարձած սխալն էր: Ալիեւը հորից ժառանգելով իշխանությունը, որոշեց «գերազանցել» նրան եւ դառնալ ադրբեջանական նոր ինքնության «հայր», կառուցելով թե այդ ինքնությունը, թե իր իշխանությունը հայերի հանդեպ ատելության եւ անբեկանելի հաղթանակի սպասման վրա:

Մինչդեռ 2016-ին Ալիեւը բախվեց պատին: Հետագայում հայկական պատը շարունակեց ամրանալ, իսկ Ալիեւը՝ խորանալ իր փակուղում: Նա չունի Հայաստանի հանդեպ հաղթանակի հնարավորություն, ինչն արդեն իսկ նրա համար պարտություն է՝ դանդաղ, թե արագ, բայց անխուսափելի պարտություն: Միեւնույն ժամանակ, բնականաբար որեւէ ուժային կենտրոն չի ցանկանում պարտվել Ալիեւի հետ, անգամ Թուրքիան, որը ստիպված է աջակցել նրան, բայց խուսափում է ստանձնել պատասխանատվություն:

Ալիեւի քաղաքական գոյությունը դադարեցնելու շուրջ ձեւավորվում է աշխարհաքաղաքական կոնսենսուս եւ Ադրբեջանի նախագահը անշուշտ շատ լավ է զգում դա: Նրան ներկայումս պահում է թերեւս այն, որ չկա ուժային հիմնական դերակատարների միջեւ կոնսենսուս կամ պայմանավորվածություն շարունակության շուրջ: Բայց, այդ հանգամանքի էֆեկտը նրա համար կարող է լինել խիստ կարճաժամկետ, քանի որ երկարաժամկետ առումով նրա քաղաքական գոյությունը կարող է դադարել ուղղակի տարերային զարգացումների հետեւանքով: Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը դա եւս լավ է պատկերացնում եւ այժմ փորձում է պարզապես մասնակցել իր հետագա ճակատագրի վերաբերյալ պայմանավորվածությունների գործընթացին, փորձելով ստանալ հեռանալու հնարավորինս ապահով տարբերակ: