Հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունները տագնապալի տրամադրություններ են առաջացրել Ադրբեջանում, որտեղ լրատվամիջոցներում ու սոցցանցերում չեն թաքցնում անհանգստությունը։ Եթե կենցաղային մակարդակում մարդիկ մտահոգ են, որ հարկ է լինելու թողնել բնակավայրերը եւ փախստական դառնալ, ապա փորձագետներն ու քաղաքական գործիչներն ավելի խորն են փորում։

Բոլորը հասկանում են, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժեր են սպասվում՝ ավարտվում են 100 տարվա ռուս-թուրքական պայմանագրերը, նավթային դարաշրջանն ավարտվում է, ԱՄՆ-ը եւ Չինաստանը դառնում են նոր բեւեռները։ Այս ֆոնին Թուրքիան ու նրա արբանյակ Ադրբեջանն ավելի ագրեսիվ են փորձում ջրի երեսին մնալ ու պահպանել ամբողջը՝ գոնե մասը կորցնելով։

Հուլիսի 12-ի միջադեպից անմիջապես հետո Ադրբեջանում սկսեցին խոսել, որ հայերի հաջորդ թիրախը Նախիջեւանն է լինելու։ Ընդ որում, Բաքվում հիանալի հասկանում են Նախիջեւանի պատկանելության իրավական հիմքերի փխրունությունը, այդ պատճառով էլ դրա պաշտպանության հարցում հույս են դնում Թուրքիայի վրա։ «Հայերն ահա այսպիսի խաղ են անում կրակի հետ՝ փորձելով սադրել Ադրբեջանին «անհամաչափ» պատասխան տալու, ընդ որում, Նախիջեւանի ուղղության դեպքում Կարսի պայմանագրի հիման վրա, գործին կարող է միջամտել Թուրքիան», – գրում է ադրբեջանցի վերլուծաբանը։

Ռուս փորձագետ Ստանիլսավ Տարասովը չի բացառում, որ «նոր միջադեպ կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական սահմանի այլ կետում՝ Նախիջեւանի շրջանում, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի»։ Նա նկատում է, որ Բաքուն ու Երեւանն այս ուղղությամբ քայլեր են արել միմյանց ընդառաջ՝ «բանակցային օրակարգից հանել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնցով նախատեսվում է հակամարտող կողմերի շփման գծին մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, ինչպես նաեւ բովանդակազրկել են հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները»։

Բաքվում վախենում են Նախիջեւանում Թուրքիայի եւ Ռուսաստանի բախումից, որի հետեւանքով այդ երկրները կարող են չերկարացնել 1921 թվականի Կարսի պայմանագիրը։ Դա կարող է հանգեցնել Ադրբեջանի համար ոչ միայն Նախիջեւանի, այլ նաեւ ադրբեջանական պետության գոյության իրավական հիմքերի կորստին։

Ահա թե ինչու է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասում, որ ՀԱՊԿ-ը «ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու որեւէ մանդատ չունի»։ Ի՞նչ կապ ունի ղարաբաղյան հակամարտությունը, եթե բախումները տեղի են ունենում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Բաքվում կարծու՞մ են, որ այդ սահմանը նույնքան վիճելի է, որքան Արցախի հետ շփման գիծը։

Բաքվում վախենում են, որ հայերը ռուսների հետ կպայմանավորվեն ու Նախիջեւանում կանեն այն, ինչ Արցախում։ «Հայաստանն իր ժամանակակից պատմության որոշ դրվագներ կարող է կրկնել, բայց դա հաստատ տարածքային գրավում չի լինի եւ ոչ էլ 366-րդ գնդի ժամանակների տեխնոլոգիա», – գրում է ադրբեջանցի վերլուծաբանը։ Հիշեցնենք, որչ 366-րդ գունդը տեղակայված էր Ստեփանակերտում, իսկ 1990 թվականի օգոստոսին հայ աշխարհազորայինները կարողացան վերցնել գնդի ողջ զինանոցը՝ թույլ տալով ռուս զինվորականներին բարեհաջող հեռանալ Ղարաբաղից։ 366-րդ գնդի համար «մարտեր» չեն եղել, եւ Բաքվում վախենում են, որ մարտեր չեն լինի նաեւ Գյումրիի բազայի համար։