Gagik Carukyan

Ֆինանսների նախարարությունն ուժը կորցրած է ճանաչել Շանգրի Լա խաղատան արտոնագիրը: Խաղատունը, ինչպես հայտնի է, պատկանում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին: Դրա վերաբերյալ կարծես թե կա նաեւ հարուցված քրգործ, պետությանը պատճառված վնասի հատկանիշով, որի մասին ԱԱԾ-ը հայտարարեց ընտրակաշառքի վերաբերյալ գործին զուգահեռ:

Շանգրի Լա-ի արտոնագրի հարցը մամուլում հայտնվեց մի քանի շաբաթ առաջ, որ արտոնագիրը կարող է ճանաչվել ուժը կորցրած: Հետո տեղեկություն եղավ, որ ֆիննաախը կարճել է վարույթը: Այժմ փաստորեն արտոնագիրը չեղարկվել է: Կապ ունի՞ այդ «տրանսֆորմացիան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական «տրանսֆորմացիայի» հետ, թե՞ հակառակն է, ինչպես պնդում է իշխանությունը՝ Ծառուկյանի քաղաքական վարքագիծը կապ ունի բիզնեսի եւ այլ հարցերի առնչվող քրեական գործերի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ հռետորաբանությամբ հայտարարեց, թե հանրությունը ԲՀԿ-ին դուրս է հանելու խորհրդարանից: Անուն չհնչեց իհարկե, սակայն խոսքը բավականին թափանցիկ էր: Միեւնույն ժամանակ, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելը հանրության եւ պետության զարգացման համար իրապես հիմնարար, խորքային հարցերից մեկն է: Հարց, որը պետք է ստանա համակարգային, ինստիտուցիոնալ լուծում, որպեսզի քաղաքականությունից տարանջատվեն բոլոր բիզնեսները, ոչ միայն քաղաքականապես աննպատակահարմարները:

Մյուս կողմից, այդ գործընթացում հույժ կարեւոր է թերեւս այն, որ դրանից ավելի շատ շահի քաղաքականությունը, քան ավելի շատ տուժի բիզնեսը: Եթե իհարկե տնտեսվարման առնչությամբ կան իրավական հարցեր, ապա դրանք անշուշտ պետք է ստանան պատասխան՝ իրավական դաշտում, եւ հետեւողական, որքան էլ փորձ արվի պաշտպանվել այդ հարցերից քաղաքականությամբ: Բայց, շատ կարեւոր է, որպեսզի այդ գործընթացը չբերի տնտեսական կառուցվածքների փլուզման, ինչը Հայաստանի համար կլինի շատ զգայուն:

Այստեղ սակայն շատ բան կախված է ոչ միայն կառավարությունից, իրականացվող քաղաքականությունից ու սկզբունքներից, այլ նաեւ բիզնեսից, խոշոր սեփականատերերից: Եթե նրանք տնտեսական կառուցվածքները կամ այլ կերպ ասած «բիզնես կայսրությունները» դարձնում են կառավարության դեմ շանտաժի առարկա, ապա այդ շանտաժին տրվելը կունենա խորքային հետեւանք, ըստ այդմ պետք է քանդել այն «կայսրությունները», որոնք դառնում են քաղաքական շանտաժի միջոց:

Կստացվի՞ Նիկոլ Փաշինյանի եւ Ծառուկյանի մոտ դիմակայությանը զուգահեռ պահել այդ հավասարակշռությունը, պայմանավորվել խաղի կամ պայքարի կանոնների շուրջ: Ամբողջ հարցն այն է, որ իրավիճակը ենթակա է ամենատարբեր ներգործությունների, ինչի պարզ վկայությունն էր նաեւ ԲՀԿ նախագահի արդեն հայտնի դարձած հայտարարությունը: Նա ունի իր բիզնես կայսրությունը, բայց դրանով հանդերձ կարող է լինել այլ կայսրության մի մաս: Բիզնես, թե քաղաքական կայսրության, էական չէ: Գագիկ Ծառուկյանն ունի դրանից տարանջատվելու մի տարբերակ, եթե ունի այդ ցանկությունը՝ տարանջատվել քաղաքականությունից: Հարց այն է, թե ունի՞ նա դա անելու կարողություն, թե՞ նրան պետք է կոշտ գործիքներով «օգնի» կառավարությունը: Այդ իմաստով, Ծառուկյանի համար բիզնես կայսրության պահպանման հարցում խնդիրը Փաշինյանին դիմակայելը չէ, այլ հակառակը՝ դիմակայելով ավելի լայն ազդեցությանը, իրեն քաղաքականությունից տարանջատելու գործում Փաշինյանին թերեւս օգնելը: