ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է կուսակցության երիտասարդական կառույցին լայն ուսումնասիրություն իրականացնել Հայաստանում՝ հանրային շրջանակում պարզելու համար վերաբերմունքը Հայ եկեղեցու պատմություն դպրոցական առարկան դասածրագրից որպես առանձին առարկա դուրս բերելու և Հայ ժողովրդի պատմություն առարկա ներառելու թեմայով, վերլուծելու համար հանրային տրամադրությունները:

Ո՞րն է ԲՀԿ այդ ուսումնասիրության նպատակը: Գագիկ Ծառուկյանը փորձում է այդպիսով հասկանալ, թե այդ թեմայի վրա հանրային դժգոհություն գեներացնելու ռեսուրսը որքա՞ն է, և արդյոք հնարավո՞ր է հենց դրա հիման վրա ձգտել բարձրացնել հանրային դժգոհություն կառավարության դեմ:

Ակնառու է, որ կառավարության հրաժարականի նրա պահանջը, որ հնչեցրեց երեք ամիս հետո «կանխատեսվող» սովի համատեքստով, չունեցավ հանրային հոծ աջակցություն: Դրան հաջորդած ԲՀԿ նախագահի հանդեպ քրգործերի դեմ բողոքի ակցիաներին մասնակցում էր մի քանի տասնյակ կուսակցական: Այդ իմաստով սոցիալական բողոքի նախաձեռնությունն ակնհայտորեն չի ստացվել: Ըստ այդմ՝ արդյոք «Բարգավաճ Հայաստանը» այժմ մտադիր է գտնել հանրային բողոքի գեներացման նոր թեմա և հնարավորություն է դիտարկում Հայ եկեղեցու պատմության դպրոցական առարկայի շո՞ւրջ առաջացած թեման՝ փորձելով ստանձնել, այսպես ասած, ազգային-պահպանողականության հիմքի վրա ձևավորվելիք բողոքի առաջնորդությունը:

Պետք է նկատել, իհարկե, որ ԲՀԿ-ն այստեղ ունի շատ ավելի լուրջ մրցակիցներ, քան սոցիալական բողոքի ասպարեզում: Սակայն այստեղ իհարկե հարցն արժե դիտարկել փոքր-ինչ խորությամբ՝ համադրելով «հակառուսականության դեմ պայքարի» ծառուկյանական հայտի հետ: Արդյոք ԲՀԿ նախաձեռնությունը հենց ա՞յդ տրամաբանության շրջանակում է, ինչը իր հերթին հարց է առաջացնում՝ արդյոք դրանով «Բարգավաճ Հայաստանը» փորձում է թեման ներքաշել այդ ռազմավարական նպատակադրման շրջանա՞կ, կամ փորձ է արվում անել դա ԲՀԿ-ի՞ միջոցով:

Այն, որ ՀԱԵ դպրոցական առարկայի հարցում կարծիքները, տեսակետները, անգամ շահերի բախումը կարող է լինել տարբեր՝ միանգամայն հասկանալի է ու բնական: Բայց բոլորովին այլ հարց է, եթե խնդիրը որևէ կերպ փորձ արվի վերածել արդեն արտաքին միջամտության կամ շահերի ասպարեզի: Այդ իմաստով մտածելու բան ունի Հայ առաքելական եկեղեցին, որը թե՛ իր, այսպես ասած, ինստիտուցիոնալ շահի, թե՛ ազգային արժեքների իր պատկերացումների պաշտպանության տրամաբանական և բնական գործընթացով հանդերձ՝ չպետք է թույլ տա զգայուն թեմաների ներքաշումը Հայաստանի դեմ լայն քաղաքական հորձանուտ: