Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը:

Քրեական դատավարության համաձայն՝ մինչդատական վարույթում կալանավորման միջնորդությունները քննվում են դռնփակ: Ծառուկյանը նիստին չի մասնակցում, ինչը Վերաքննիչ դատարանում թույլատրելի է:

Նիստից առաջ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ նրա բացակայությունը չի խանգարի, իրենք եկել են հենց այն նպատակով, որ հետաձգում տեղի չունենա. «Բայց հաշվի առնելով նյութերի, բողոքների ծավալը՝ կարծում եմ՝ ժամանակի առումով այսօր հնարավոր չի լինի քննությունն ավարտել»:

Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց բողոքը վերաբերում է հիմնավոր կասկածին, ԱԺ-ում եւ դատարանում ներկայացրած մեղադրանքների բովանդակության էական տարբերություններին, այն հանգամանքին, որ այս գործը, ըստ իրենց, պետք է քննվեր ՀՔԾ-ում, ոչ թե ԱԱԾ-ում: Պաշտպանը նշեց նաեւ, որ մանրամասն փաստեր են ներկայացնելու այն մասին, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում:

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին խորհրդարանը համաձայնություն տվեց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն եւ ազատությունից զրկելուն՝ այդպիսով բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունները, այնուհետեւ ԱԱԾ-ն նրան մեղադրանք առաջադրեց քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) եւ կալանքի միջնորդություն ներկայացրեց դատարան:

Քննությունն այսօր հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել եւ դատարան դեռ չէր հասել, քանի որ նիստը կարճ ժամկետում էր նշանակվել. «Ուստի հնարավոր չէր այս պահին նիստը շարունակել, որեւէ քննություն, ըստ էության, տեղի չունեցավ»:

Պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ ասաց, որ մեղադրանքի կողմը եւս իրենց բողոքներին ծանոթ չէր, դրանք չէր ստացել. «Մենք ճշտեցինք, որ փոստից արդեն դուրս է եկել, բայց նրանց դեռ չի հասել, բնականաբար, ժամանակ է պետք ծանոթանալու համար»:

Պաշտպանները հերթական անգամ պնդեցին, որ առկա չէ հիմնավոր կասկածը, որ Գագիկ Ծառուկյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, ըստ նրանց՝ դրա վերաբերյալ բավարար փաստեր չկան: Լրագրողի դիտարկմանը, որ դատարանն է, գործի նյութերից ելնելով, արձանագրել դրա առկայությունը, պաշտպան Սամվել Դիլբանդյանը ասաց. «Դա դատարանի գնահատականն է, դրա համար կա վերադաս ատյան, որը իր գնահատականը կտա»:

Բողոքի քննությունը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին: