Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է ոչ թե Ուհանի լաբորատորիայից, այլ քնած վիճակում է գտնվել ամբողջ աշխարհում և ի հայտ է եկել մի քանի գործոնների համադրության պայմաններում:

Այս մասին The Daily Telegraph-ին հաղորդել է Օքսֆորդի Ապացուցողական բժշկության կենտրոնի ավագ գիտաշխատող և Նյուքասլի համալսարանում հրավիրյալ պրոֆեսոր Թոմ Ջեֆերսոնը:

Գիտնականը ընդգծել է, որ այժմ ավելի ու ավելի շատ ապացույցներ կան, որ COVID-19-ը համավարակից առաջ արդեն շատ երկրներում է եղել: Այսպես, Բարսելոնայի կեղտաջրերի մեջ այն հայտնաբերվել է 2019-ի մարտին: Նաև պաթոգեններ են հայտնաբերվել իտալական Թուրինի և Միլանի կեղտաջրերում, ինչպես նաև բրազիլական Ֆլորիանոպոլիսում ՝ 2019-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Գիտնականը ևս մեկ փաստ է բարձրաձայնել. կորոնավիրուսի վարակի դեպք է հայտնաբերվել Ֆոլքլենդյան կղզիներում 2020-ի փետրվարին: «Արդյո՞ք վիրուսը գտնվել է պատրաստված սննդի մեջ և ակտիվացել է, երբ տաքացել է», – հռետորական հարց է տալիս Ջեֆերսոնը:

Մասնագետը զուգահեռներ է անցկացրել Իսպանական գրիպի հետ: 1918 թվականին Արևմտյան Սամոայում մահացավ բնակչության 30%-ը՝ նախքան Եվրոպայում Իսպանական գրիպի պաշտոնական հայտնվելը: Ընդ որում, Սամոայի բնակչությունն աշխարհագրորեն մեկուսացված էր արտաքին աշխարհից:

«Սրա բացատրությունը կարող է լինել այն, որ այս հարուցիչները ոչ մի տեղից չեն գալիս և ոչ մի տեղ չեն գնում», – ասել է Ջեֆերսոնը: Նա հավելել է, որ վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ վիրուսը կարող է փոխանցվել նաև կեղտաջրերի միջոցով: