Hracan

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ հարևանները վիճել են։

Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:

Պարզաբանումների ընթացքում մասնակիցներից մեկը տնից վերցրել էր ապօրինի հրացանն ու կրակոցներ արձակել։ 46-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։

Հայտնաբերվել է նաև նրա հանգուցյալ պապին պատկանած գործարանային համարով հրացանը, որն ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։