Ilham Aliev

Մնացականյան-Մամեդյարով տեսահանդիպումից հետո, որ հունիսի 30-ին տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, համանախագահները տարածել են համատեղ հայտարարություն:

Այն խոշոր հաշվով նրանց բնորոշ հայտարարությունների ստանդարտի մեջ է, թեև շատ կարևոր է հերթական ամրագրումը, որը բավականին հստակ է՝ արցախյան հարցի ռազմական լուծում գոյություն չունի:

Հաշվի առնելով այն, որ ռազմական լուծման մասին խոսում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Իլհամ Ալիևն է՝ իհարկե, իր շրջանակի մի քանի պաշտոնյաներով հանդերձ, համանախագահները փաստացի հայտարարությունն ուղղում են Ալիևին՝ պատերազմով հարց լուծելու մասին նրա խոսակցությունները կտրված են իրականությունից, որովհետև Ալիևը դրանով չի կարող Արցախի հարց լուծել: Այսինքն՝ ասել կուզի, որ Ալիևը կստանա ընդամենը նոր հարց կամ հարցեր:

Ընդ որում, այդ տողատակի տիրույթում է թերևս թավշյա հեղափոխությունից հետո նաև Հայաստանի պաշտպանության նախարարի շուրթերով Երևանի բարձրաձայնած պաշտպանական նոր ռազմավարությունը՝ եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքներ: Մեծ հաշվով, կամա թե ակամա, Մինսկի խմբի համանախագահները հենց դա են արձանագրում՝ արձանագրելով, որ արցախյան հարցը չունի ռազմական լուծում:

Այսինքն՝ եթե ռազմական լուծման մասին խոսում է միայն մի կողմ՝ հայտարարելով, որ եթե դիվանագիտական ջանքերը չտան արդյունք, ինքը հարցը կլուծի պատերազմով և ունի դրա հնարավորությունը, ապա ստացվում է, որ ռազմական լուծման բացառման մասին համանախագահների հայտարարությունը այլ բան չէ, քան այդ մարդուն ուղղված զգուշացում՝ որ նա չի կարող այդպես լուծել որևէ հարց, հետևաբար կստանա նոր հարցեր: Որովհետև պատերազմը Ալիևի համար, այսպես ասած, վերջին փամփուշտ է, և եթե այն կրակվում է ապարդյուն՝ իսկ համանախագահները զգուշացնում են հենց դա, ապա Ալիևին այլևս չի մնում փամփուշտ, այսպես ասած, պատիվը փրկելու համար: Իսկ Ալիևի համար գլխավորը իհարկե հենց այդ հարցն է, ոչ թե Արցախի, որովհետև նա իհարկե ամենից լավ գիտի, որ հարցը չունի ռազմական լուծում: Հակառակ դեպքում նա այդ լուծմանը գնացել էր վաղուց, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմին էլ կանգ չէր առել հաստատ:

Այդ իմաստով արցախյան գործընթացում գլխավոր խնդիրը խոշոր հաշվով դարձել է Ալիևի «պատիվը»: Այդ հարցի լուծումն է, որ պետք է գտնեն և փորձում են գտնել համանախագահները: Մյուս կողմից՝ Ալիևն էլ գործնականում ծանր ընտրության առաջ է՝ կորցնե՞լ պատիվը նոր տարածքների կորստի հետ մեկտեղ, թե՞ փրկել պատիվը՝ արդեն իսկ կորցրածի հետ համակերպվելու գնով:

Spread the love