Zinvor

ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է հայ-ադրբեջանական միջազգային սահմանին բռնությունը:

«Մենք կողմերին կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գործող հաղորդակցության ուղիղ միջոցները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար, և խստորեն պահպանել հրադադարը: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախահագող երկիր՝ ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է կողմերին աջակցություն ցուցաբերելուն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ, խաղաղ կարգավորման համար: Մենք ակտիվորեն ներգրավված կմնանք այդ նպատակին հասնելու ջանքերում: ԱՄՆ-ն միանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որոնք կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները՝ կարևորելով ԵԱՀԿ մշտադիտարկողների վերադարձը տարածաշրջան, երբ հանգամանքները թույլ տան»,- նշվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մասսիմիլիանո Կապիտանիոն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Կապիտանիոն նշել է, որ ակնկալում է շուտափույթ վերադարձ խաղաղությանը:

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Որպես խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար ակնկալում եմ շուտափույթ վերադարձ խաղաղության, ինչպես նաև իրավունքների, պատմության և ինքնության հանդեպ հարգանքի լիակատար դրսևորման»,- նշել է Կապիտանիոն:

«Իմ անհանգստությունն եմ հայտնում Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողությունների կապակցությամբ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆը:

Նա նշել է, որ հայկական դիրքերի ուղղությամբ կրակահերթերն ու ադրբեջանական կողմի գործողությունները վտանգի տակ են դնում զինվորականների եւ խաղաղ բնակչության կյանքը, սրում են հակամարտությունը, որը կարող է ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար՝ հատկապես գլոբալ համաճարակի պայմաններում:

Ըստ կոնգրեսականի, այդ գործողությունները հարկավոր է դիտարկել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ իր սահմանների երկայնքով միջազգային մոնիթորինգից հրաժարվելու համատեքստում:

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին հանդես գալ կողմերին ուղղված զսպվածության կոչով, ինչպես նաեւ փորձել թուլացնել լարվածությունը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված դիմակայության կապակցությամբ: Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում:

«Այսօր, երբ բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և գլոբալ կայունության պահպանումն ունեն առաջնային նշանակություն: Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»,- նշված է հայտարարության մեջ:

Նախագահը հույս ունի, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին, և, որ իրավիճակի հետագա սրումից հնարավոր կլինի խուսափել խաղաղ բանակցությունների միջոցով: