Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել հուլիսի 9-ին:

Մինասյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Մայիսի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումը, սակայն, մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել էր՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Մինչ դրա նոր քննությունը ՊԵԿ-ը Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը նոր տվյալների հիման վրա լրացրել էր, եւ կալանավորման երկրորդ միջնորդությունը ներկայացրել դատարան: Վերջինս մերժվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի կողմից: Դատախազության բողոքը դատարանի այս վերջին որոշման դեմ է: