Gagik Tsarukyan

Դեռևս հունիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը կոչով դիմել էր քաղաքացիներին, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հայտարարությունից հետո ուժային կառույցում քաղաքացիների կողմից դիմումների տեղատարափ է:

Խոսքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շուրջ տարածված հայտարարությանն է վերաբերում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններին:

«Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը ու հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին»,- նշել էր ԱԱԾ-ն:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս և ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ այդ մարդիկ անգամ կոնկրետ անուններ են տալիս, և հենց դա է պատճառը, որ օրեր առաջ կալանավորվել էր «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Սակայն գործընթացն այսքանով չի սահմանափակվելու, և քաղաքացիների հաղորդումների հիման վրա կարող են նոր բացահայտումներ և կալանավորվածներ լինել: Սակայն նկատենք, որ կաշառք տալու և վերցնելու հանցակազմերը հավասար են, և պետք է պատժվեն ինչպես ենթադրյալ կաշառք տվողները, այս դեպքում՝ ԲՀԿ-ականները, այնպես էլ այն վերցնողները, այս դեպքում՝ քաղաքացիները»: