«Ես կարծում եմ՝ դրական առումով դատական համակարգում շատ բան է փոխվել. այն ամեն օր դեպի առողջացում, դեպի անկախացում է գնում»:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մարզահամերգային համալիրում հրավիրված է Դատավորների ընդհանուր ժողով, որի ժամանակ քննարկվելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրության հարցերը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ո՞ւմ է տալու իր ձայնը դատավոր Մեսրոպ Մակյանը, սակայն վերջինս տեղեկացրեց, որ քվեարկությունը լինելու է փակ, գաղտնի, եւ ինքը չի կարող նախապես մեկնաբանություն տալ, թեեւ բոլոր թեկնածուների վերաբերյալ ունի իր ուրույն կարծքիը:

Մեսրոպ Մակյանը չբացառեց, որ մինչ քվեարկությունը սկսելը նոր թեկնածուներ ի հայտ կգան, կամ առաջադրված թեկնածուները կհրաժարվեն թեկնածությունից. «Իհարկե, էլեկտրոնային եղանակով նախապես տեղյակ է պահվել, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել, մինչեւ երեկ առաջադրվեին, որպեսզի կազմակերպչական խնդիրը լուծելու տեսանկյունից քվեաթերթիկում ներառվեին անունները, բայց դա բացառված չէ»,- ասաց նա:

Հարցին՝ ԲԴԽ-ում քննարկե՞լ են, թե ԲԴԽ անդամի որ թեկնածուի օգտին են քվեարկելու, արդյոք միասնակա՞ն են քննարկելու, Մեսրոպ Մակյանը բացասական պատասխանեց. «Ո՛չ, նման բան չկա, ինչպես գիտեք, մեկ հոգի ԲԴԽ անդամ պիտի ընտրվի, որովհետեւ գիտնականների թիվը այս պահին գերակշռում է, բայց այն հանգամանքը, որ ԲԴԽ-ում դատավորներ կան, չի նշանակում, որ դա ԲԴԽ դիրքորոշում պիտի լինի. ամեն դատավոր պետք է քվեարկի ինքնուրույն»:

Լրագրողներից մեկի հարցին՝ քաղաքական իշխանության ազդեցությունը կա՞ ԲԴԽ-ի եւ դատական իշխանության վրա, Մակյանը պատասխանեց. «Իշխանության թեւի, իշխանությունում եղած որեւէ անձի ազդեցությունը 0 է, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, բացարձակ որեւէ միջամտություն չկա, բնականաբար, դատավորները վակուում չեն ապրում, սովորական մարդիկ են, գնում են տուն, տնից՝ աշխատանքի, հանրային ճնշումներ, մամուլի հրապարակումներ կարող են լինել, որոնց նայեն, եզրահանգումներ անեն, բայց ամեն դատավորի ներքին քաջության եւ քաղաքացիական խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը»:

Մեկ այլ հարցի՝ արդյոք վերջին մեկ տարում դատական համակարգը առողջացե՞լ է՝ հաշվի առնելով, որ երկրի ղեկավարը անընդհատ նշում էր անառողջ եւ ոչ անկախ լինելու մասին, Մակյանը պատասխանեց, որ գոնե վերջին մեկ տարում վարչապետի կողմից վատ ազդակ չի ուղարկվել, հետեւաբար երեւի կա առողջացում. «Ես կարծում եմ՝ դրական առումով դատական համակարգը բավականին փոխվել է ոչ միայն վերջին մեկ տարում, այլ վերջին 20-30 տարիների ընթացքում. լինի գործունեություն ծավալող հին լրագրող, թե փաստաբան, ոչ ոք չի կարող պնդել, որ այսօր դատական համակարգը նույնն է, ինչ 1990 թվականին, 2000, 2010, 2018 թվականներին»:

Ըստ Մակյանի՝ այդ փոփոխությունը կապ ունի նաեւ քաղաքական իշխանության փոփոխության հետ. «Բնականաբար, ազդակները կան քաղաքական իշխանությունից, որ պետք է անկախ լինել, եւ դատական համակարգն էլ համաքայլ է գնում, ազդակները ընդունվում են, բայց դրանք ոչ թե միջամտություններ են, այլ որդեգրած կուրս, որ այս ճյուղը պիտի համահունչ աշխատի այն փոփոխություններին, որ տեղի են ունեցել երկրում, եւ կարծում եմ՝ փոփոխությունները ձեզ համար ակնհայտ են»:

Ինչ վերաբերում է դատական համակարգի վերաբերյալ ԱԱԾ-ի կոռուպցիոն բացահայտումներին, ըստ Մակյանի, դրանք ամեն տեղ կան՝ սկսած ԱՄՆ-ից, վերջացրած եվրոպական զարգացած երկրներով:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •