Վերաքննիչ դատարանը հուլիսի 6-ին կայացրել է որոշում, որով փաստորեն դատական նոր քննություն է ընթանալու «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության հայտնի գործով:

Ինչպես հայտնի է, այդ գործով մեղադրվել և երկամյա պայմանական ազատազրկման էր դատապարտվել այն ժամանակ նախագահ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը: Այդ դատավճիռը համարվել էր չափազանց մեղմ: Դեպքը տեղի էր ունեցել 2001-ին, իսկ դատավճիռը՝ 2002-ին:

Այս տարիների ընթացքում հնչել են ամենատարբեր գնահատականներ՝ կապված դեպքի իրական հանգամանքների հետ: Դրանց շարքում է եղել այն, որ դատարանը չի լսել առանցքային վկաներից մեկին՝ շոտլանդացի Նյուտոնին, որն այդ օրը մտել է սրճարանի զուգարան, որտեղ տեսել է Պողոսյանի ծեծը, ինչի հետևանքով նա մահացել էր: 2019-ին Նյուտոնը եկել էր Հայաստան և հայտարարել, թարմացրել այդ ամենը: Դատախազությունը դիմել էր գործը վերստին քննելու համար, և Վերաքննիչը բավարարել է բողոքը: Սա նշանակում է, որ Հայաստանում սպասվում է ևս մեկ աղմկոտ դատավարություն, որը վերաբերելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եթե ոչ՝ ուղիղ, ապա բավականին շոշափելի անուղղակի առնչությամբ:

Այստեղ, սակայն, ծագում է մի հարց: Ի՞նչ են տալիս այդ դատական գործերը, ո՞րն է դրանց, այսպես ասած, համախառն ներքին արդյունքը: Հանրությունը շատ է շոշափում այդ հարցը՝ բավականին անորոշ պատասխաններով, առավել ևս դատական համակարգի հանդեպ ունեցած կասկածներով: Մյուս կողմից, իհարկե, չկա նաև պատասխան այն առնչությամբ, թե ի՞նչ է առաջարկվում այդ ամեն ինչի փոխարեն: Առաջարկվում է տոտալ համաներո՞ւմ, թե՞ առաջարկվում է անցումային արդարադատություն, այսպես ասած, ընդհանուր գնահատականով սահմանվող վճիռներով, երբ որևէ գործ չի ենթարկվում առանձին հանգամանալից քննության, այլ պատիժները սահմանվում են ըստ քաղաքական գնահատականի և հանրային քննարկումների:

Սա կարծես թե դարձել է հետհեղափոխական ժամանակաշրջանի անլուծելի դիլեմաներից մեկը, երբ հարցերը դիտարկում ենք ոչ թե բարոյահոգեբանական լեգիտիմության, այլ պրակտիկ կառավարչաքաղաքական ռացիոնալության տեսանկյունից: Միաժամանակ այդ դիլեմայի հանգուցալուծմանը, և թերևս ռացիոնալ հանգուցալուծմանը, հիմնավորապես խոչընդոտում են հենց մարդիկ և շրջանակներ, որոնք, թվում է, իրենք պետք է լինեին հանգուցալուծման հարցում ամենաշահագրգռվածը: Խոսքը հենց նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների մասին է, որոնք գտնվելու են անցումային կամ, այսպես ասած, դասական արդարադատության թիրախում: Նրանք հետհեղափոխական առանցքային դիլեմայի ռացիոնալ հանգուցալուծմանը խոչընդոտում են իրենց ագրեսիվ տեղեկատվաքարոզչական քաղաքական վարքագծով՝ ստիպելով, որ հարցերը մշտապես մնան բարոյահոգեբանական գնահատման տիրույթում: Առերևույթ դա բավական տարօրինակ է, որովհետև այդ տիրույթում նրանք ստանում են միայն հանրային քեն:

Ուրեմն ինչո՞ւ խնդիրները անընդհատ բերել այդ տիրույթ: Արդյո՞ք այն պատճառով, որ նախկին համակարգը ռացիոնալ դաշտը դիտարկում է իր համար խոցելի՝ իր համար առավել նախընտրելի համարելով զգայական դիլեմաները: Որովհետև դրանք երբեք չեն ունենում որևէ որոշակի հանգուցալուծում, դրանք ապահովում են աղմուկ, բայց ոչ՝ արդյունք: