facebook mobile

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է  Գրիգորի Վ.-ի գործի դատական քննությունը:

Գրիգորի Վ.-ն ամբաստանյալի կարգավիճակ չուներ, քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ էր, քննվում էր նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

1985 թվականին ծնված Գրիգորի Վ.-ին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի մի հոդվածով, որի կիրառությունը մեր դատական պրակտիկայում հազվադեպ է հանդիպում:

ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին,2-րդ կետերով Գրիգորի Վ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի մայիսի 2-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով իր էջից պարբերաբար իրականացրել է ազգային ու կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ, այն է՝ համացանցում տարածած իր տեքստերով, ըստ մեղադրանքի,  «տարածել է ռուս և հրեա ազգերի ներկայացուցիչների, քրիստոնյաների դեմ բացասական քարոզչություն՝ խարխլելով վստահությունն ու հարգանքը հիշյալ ազգերի, քրիստոնեական դավանանքի ներկայացուցիչների նկատմամբ, նվաստացնելով նրանց արժանապատվությունը, սերմանելով ատելություն ու կրոնական թշնամանք, քարոզելով բռնարարական գործողությունների կատարում վերջիններիս հանդեպ և ընդգծելով մահմեդականության՝ իսլամի գերազանցությունը»:

Գրիգորի Վ.-ի տարածած տեքստերը ենթարկվել են դատալեզվաբանական փորձաքննության, որի եզրակացությամբ հաստատվել է, որ հիշյալ տեքստերը «սերմանում են ատելություն ու կրոնական թշնամանք, քարոզում են բռնարարքների կատարում»:

Գործի նախաքննության ընթացքում Գրիգորի Վ.-ի նկատմամբ նշանակվել ու անցկացվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննվածը հոգեկան հիվանդություն ունի, որը գտնվել է սրացման փուլում, նա չի գիտակցել իր արարքի հետևանքները, ինչպես նաև ներկայացնում է սոցիալական վտանգ՝ ինչպես ինքն իր, այնպես էլ շրջապատի համար:

Ըստ եզրակացության՝ Գրիգորի Վ.-ն ճանաչվել է անմեղսունակ: Անհրաժեշտ է համարվել նրա հարկադիր բուժումը հոգեբուժական կլինիկայի հատուկ բաժանմունքում:

Գրիգորի Վ.-ն, ըստ համապատասխան գրության, 2004 թվականի հունվարի 12-ից հաշվառված է եղել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ համապատասխան ախտորոշմամբ:

Այս դեպքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում տարածվող, տարատեսակ վեճեր ու մեկնաբանություններ հարուցող տեքստերի հետևում կարող են նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք լինել՝ դրանից բխող վտանգներով հանդերձ:

Դատարանում հոգեկան առողջության բուժհաստատության ներկայացուցիչ հոգեբույժը հայտնել է, թե մասնակցել է Գրիգորի Վ.-ի նկատմամբ անցկացված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությանը ու ամբողջությամբ հաստատում է տրված եզրակացությունը:

Հոգեբույժը նշել է, որ փորձաքննությունն անցկացվել է դատաքննությունից ամիսներ առաջ, տևական բուժման արդյունքում Գրիգորիի վիճակը բարելավվել է, նա ստանում է դեղորայքային բուժում, նրա վարքագիծը հանդարտ է, բայց բժշկի կարծիքով՝ նա դեռ կարիք ունի հատուկ հսկողության տակ գտնվելու. Գրիգորին իրեն հիվանդ չի համարում, իր կատարածը արդարացնում է, դրսևորում է իր հիվանդությանը բնորոշ պահվածք: Բուժման ընթացքը, ըստ բժշկի, կարող է որոշակի բարելավում առաջացնել, սակայն դա դեռ միանշանակ չի կարող վկայել, թե առաջիկայում սրացումներ չեն լինի, և անձը սոցիալական վտանգ չի ներկայացնի:

Գործով մասնակցող դատախազը դատարանում նշել է, թե գործում առկա նյութերով հաստատված է, որ Գրիգորի Վ.-ն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերին համապատասխանող արարքներ, սակայն քանի որ նա այդ արարքները կատարել է անմեղսունակության վիճակում, հարկ է նրան ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ բուժում հոգեբուժական բուժհաստատության հատուկ տիպի  բաժանմունքում:

Գրիգորի Վ.-ի շահերի պաշտպան,  փաստաբան Անուշ Մխիթարյանը, չհամաձայնելով  դատախազի դատողությանը, թե գործի նյութերով հաստատված է քրեական օրենքով արգելված կոնկրետ արարքի կատարումը Գրիգորի Վ.-ի կողմից, նշել է, որ այս գործը  յուրահատկություն ունի՝ խոսքը գնում է ինտելեկտուալ հանցագործության մասին: Եթե ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ անձը հոգեկան հիվանդության պատճառով չի գիտակցել, թե ինչ է անում, ինչ տեքստեր է գրում, ապա նա չի կարող համարվել տվյալ արարքը դիտավորությամբ կատարած անձ: Գրիգորի Վ.-ն չի կարող համարվել քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ, հետևաբար, ըստ պաշտպանի, այս գործը ենթակա է կարճման՝ սուբյեկտի բացակայության հիմքով:

Իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը համարի, որ Գրիգորի Վ.-ն, համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, պետք է հարկադիր բուժում ստանա, ապա, ըստ պաշտպանի, հարկ է դատաքննության պահի դրությամբ պարզել Գրիգորի Վ.-ի վիճակը, որպեսզի դատարանը կարողանա ա՛յդ վիճակին համապատասխան որոշել, թե որ տիպի հոգեբուժական հաստատությունում պետք է բուժվի անձը: Պաշտպանը միջնորդել է, որ նշանակվի դատահոգեբուժական ստացիոնար կրկնակի փորձաքննություն, փորձագետներին առաջադրվող հարցերի մեջ պարտադիր ներգրավվեն հարցեր Գրիգորի Վ.-ի ներկա հոգեկան վիճակի վերաբերյալ ու, եթե նա ներկա պահին էլ կարիք ունի հարկադիր բուժման, ապա՝ ո՞ր տիպի հոգեբուժական հաստատությունում պիտի բուժում ստանա:

Ինքը՝ Գրիգորի Վ.-ն դատարանում հանդարտ էր, ուշադիր հետևում էր կողմերի արտահայտած կարծիքներին:

Նա հայտարարել է. «Ես հանցագործ չեմ: Ես ոչ մեկին չեմ վնասել… Ես արտահայտել եմ իմ խղճի ձայնը՝ հավատի վերաբերյալ: Իսլամ դավանելու մասին: Կարող ա՝ մի քիչ կոպիտ եմ արտահայտվել: Բայց ոչ մեկին վնաս չեմ տվել, այնպիսի բան չեմ արել, որ այսքան ամիս տառապանքներ կրեմ… Ես հիվանդ չեմ…»:

Դատարանը, մասնակիորեն բավարարելով պաշտպանի միջնորդությունը, նշանակել է լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Գրիգորի Վ.-ի ախտորոշումը նույնն էր, ինչ՝ նախորդ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ էր արձանագրվել: Գրիգորի Վ.-ն ճանաչվել է անմեղսունակ: Միևնույն ժամանակ, պաշտպանի միջնորդության շնորհիվ կատարված երկրորդ փորձաքննությամբ ամրագրվել է Գրիգորի Վ.-ի վիճակի բարելավում. «Ներկայիս փսիխոտիկ խանգարումը գտնվում է ներհիվանդանոցային դեղարայքային լավացման փուլում… Գրիգորի Վ.-ն շարունակում է սոցիալապես վտանգ ներկայացնել իր և հասարակության համար, սակայն տևական ստացիոնար բուժման արդյունքում վտանգավորությունը էականորեն նվազել է: Ուստի նա կարիք ունի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման՝ հարկադրական բուժման՝ ընդհանուր տիպի հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում»:

Դատարանը գործով անցկացված դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացությունները հիմք ընդունելով՝ Գրիգորի Վ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառել է հարկադրական բուժում՝ ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: