Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:  Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Չեմ թաքցնի` իմ վերաբերմունքը բացասական է, ես սա չեմ համարում լավ լուծում: Այդուհանդերձ, ես սա համարում եմ լուծում: Ավելին` ես ընդհանրապես դեմ եմ մրցութային հանձնաժողովի գաղափարին, որովհետև դա համարում եմ անիմաստ օղակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման պրոցեսում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա շարունակեց. «Հարգելի գործընկերներ, ես չեմ դադարում զարմանալ ձեզ վրա. այս նույն օրենքների նախագծերը քննարկելիս, երբ ես էի առաջարկում վերացնել մրցութային հանձնաժողովը, և ընդդիմադիր ֆրակցիաների համար մի քվոտա տալ կոնսենսուսով, դուք ասում էիք` տենց ոնց կլինի, որ ֆրակցիաները կոնսենսուսով թեկնածու տան, հիմա ասում եք` պիտի ֆրակցիաները կոնսենսուսով թեկնածու տան: Մենք շնորհակալ ենք ձեր կառուցողական առաջարկի համար, բայց նախ` կողմնորոշվեք»: