Այսօր առավոտյան միջազգային լրագրությանը հետեւելով՝ արձանագրեցի, որ աշխարհում նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որտեղ հիմա դիմակների հետ կապված ամբողջական ուղերձը փոխվում է։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված եւ այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո՛, ինքը եւս ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր եւ կրվեն»,- ասաց վարչապետը։

Նա դիմելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ հարցրեց, թե արդյոք ճի՞շտ է հասկանում, որ դիմակների շուկայում էական գնանկում կա։

ՏՄՊՊՀ նախագահը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Այո՛, պարո՛ն վարչապետ, Դուք միանշանակ ճիշտ եք, բայց հիմա արդեն ուրիշ խնդիր ունենք։ Ներկրված դիմակները քանի որ 2 ամիս առաջ են ներկրվել, որոշակի թանկ գնով են ներկրվել, տեղական արտադրությունը 60 դրամ է, ու հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է։ 1 անգամ դիմակների արտահանում արդեն կատարվել է ՀՀ-ից 60 դրամով։ Մյուս խմբաքանակի համար եւս հայտարարվել է։ Հիմա մենք 2 խնդրի առաջ ենք կանգնած, որ պետք է լուծենք։ Եթե մենք չենք թողնում այս դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառել, իսկ, եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ 60 դրամ տեղականը եւ մի փոքր ավելի թանկ՝ դրսից ներկրվածը, մինչեւ նոր խմբաքանակ կգա։ Սպասվում է, որ 1 ամսվա ընթացքում նոր խմբաքանակ կգա եւ ավելի կէժանանա»։

Արձագանքելով վարչապետն ասաց, որ դիմակների հետ կապված առաջին փուլում աշխարհում կար մեծ դեֆիցիտ, իսկ ՀՀ-ում էլ գները 200 դրամից ավելի էին, խնդիր կար իրավիճակն այնպես կառավարել, որ գոնե առողջապահական համակարգի համար հնարավոր լինի դիմակներ ձեռք բերել. «2-րդ փուլն այն էր, երբ շուկայում կար դիմակ, եւ դրանք գնով բավականին բարձր էին, եւ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է դիմակ կրելը պարտադիր լինի։ Հասկանալով, սակայն, գների բարձր լինելը՝ մենք ասացինք՝ շատ լավ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն գործարանային արտադրության դիմակ կրել, թող կրեն, ովքեր չունեն այդ հնարավորությունը, թող տնային պայմաններում պատրաստված դիմակներ կրեն»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հիմա ունենք գնանկում եւ ունենք պրոֆիցիտ. «Հիմա մենք կարող ենք անցնել 3-րդ փուլին. մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ։ Պարո՛ն Գեւորգյան, Ձեր ասած հարցը կլուծվի այդպես։ Ըստ էության՝ մենք այսօր, երբ նայում ենք շուկայում դիմակների սպառման ծավալները, մեզ պետք չէ մոնիթորինգ անել։ Մենք տեսնում ենք ամեն օր՝ երկրում քանի դիմակ է սպառվում, եւ մեզ համար ակնհայտ է, որ մեր սիրելի քաղաքացիների մեծամասնությունը համենայն դեպս գործարանային արտադրության դիմակ չեն կրում։ Նաեւ մենք ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները իրենց կանխարգելիչ նշանակությամբ շատ ավելի օգտակար են»։

Վարչապետն ասաց, որ երեկ մի երեւույթ է նկատել. «Երբ որ ես մեքենայով շարժվում էի, մայթերին կանգնած քաղաքացիները, ենթադրում եմ՝ պետական պահպանության ծառայության փարոսիկներով մեքենան տեսնելիս, իմ շարժին զուգընթաց մարդիկ դիմակը ծնոտի տակից բարձրացնում էին, քթին դնում։ Ես չեմ հասկանում սա, սիրելի՛ հայրենակիցներ, ախր, այդ դիմակը հո ինձ համար չեք կրում կամ Կառավարության ու ոստիկանի համար, որ ոստիկան տեսնելիս բարձրացնեք, ոստիկանը անցնի, իջեցնեք։ Այստեղ շատ կարեւոր է այս հանգամանքը։ Ես կրում եմ դիմակ ինձ համար եւ ինձ շրջապատող մարդկանց համար, բայց ամեն քաղաքացի պետք է հասկանա, որ Կառավարության համար չէ այդ դիմակը կրում»։

Փաշինյանի խոսքով՝ պետք է շարունակել դիմակ բաժանելու ակցիաները, բայց մյուս կողմից վարչական մեթոդներն էլ պետք է կիրառվեն՝ արձանագրելով, որ իրենք ոչ մեկի չեն ուզում տուգանել, եւ վարչական մեթոդի նպատակն այն է, որ մարդիկ դիմակ կրեն։

Նա ոստիկանապետ Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե երեկ հակահամաճարակային ինչ վարչական մեթոդներ են կիրառվել:

«Համաճարակային կանոնների պահպանմանն ուղղված հուլիսի 1-ին ծառայության արդյունքում կազմվել է 2827 արձանագրություն, որից Երեւան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629։ Դրանցից 2301-ը՝ հետիոտնի դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդների կամ ուղեւորների դիմակ չկրելու, 442-ը՝ մինչեւ 7 տեղանոց մարդատար ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների դիմակ չկրելու, 3-ը՝ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների խախտումներ թույլ տալու եւ 1-ը ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար են»,- ներկայացրեց ոստիկանապետը։

Վարչապետը տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից էլ հետաքրքրվեց, թե նրանք ինչ աշխատանքներ են իրականացրել։

«Մենք շարունակում ենք վերահսկողական աշխատանքները, բոլոր 6 տեսչական մարմինները ներգրավված են այդ աշխատանքներում։ Երեկվա տվյալներով 884 ստուգում է իրականացվել, որից խախտումներ ենք արձանագրել 40 տնտեսվարողի մոտ։ Սա, ըստ էության, որոշակի դրական դինամիկա է ենթադրում։ 1 շաբաթվա կտրվածքով օրական մենք մոտավորապես անում ենք 800-ից 900 ստուգում, որի արդյունքում խախտումներ են արձանագրվում 60, 70, 40, 50 տնտեսվարողների մոտ։ Դա այն պարագայում, երբ ժամանակին նույն 800-900 ստուգումների պարագայում հայտնաբերում էինք 200-300 խախտումներ»,- ասաց Ասոյանը։