Sasna Tsrer

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ հուլիսի 1-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հարցաքննվող գործով վկաներից Աշոտ Պետրոսյանը պատմեց, որ ինքը հանդիպել է ոստիկան Գագիկ Մկրտչյանին, նա թեթեւ վիրավորում էր ստացել։

«Ճանապարհին հանդիպել եմ Գագիկ Մկրտչյանին։ Հրապարակի քարերի եզրագծին նստած էր, զինանոցի մուտքից ոչ հեռու։ Ես չգիտեի, որ վիրավոր է, մոտեցա իրեն, ձեռքս դրեցի հենց այդ ուսին, ինքը շարժում արեց այդ պահին, հարցրի՝ վիրավո՞ր ես, ասաց՝ հա, հարցրի՝ այլ տեղ ունե՞ս վիրավորում, ասաց՝ մենակ թեւս ա։ Երբ իր նկարները դիահերձարանից բերեցին, ես սարսափեցի, այդ տղուն հոշոտել էին»,- պատմեց նա։

Ըստ դատակոչի ցուցակի հարցաքննվեց գործով վկա Գառնիկ Հովակիմյանը, որը դատավարության մասնակիցների հարցրերին չպատասխանեց, նշելով, որ ոչինչ չի հիշում։

Նա պատասխանեց միայն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի հարցին։

Բիլյանը հարցրեց Գառնիկ Հովակիմյանին՝ ինքը կապ ունի՞ ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ, նա պատասխանեց. «Արմեն ջան գիտենք, որ ոչ մի կապ էլ չունենք»։

Դատավորի ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի ինքը, ասելով «կապ չունենք», նա պատասխանեց, որ նկատի ունի՝ Արմեն Բիլյանը կապ չունի ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ։