Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը։

Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում  2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգել:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ասաց, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն։

«Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի առողջապահական սպասարկման տեսանկյունից։ Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարական, հակահամաճարակային և այլ կանոնների պահպանումը։ Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու։ Ներկայումս դիտարկում ենք արտակագ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը՝ ներդնելով այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան կարանտինային հատուկ միջոցառումների արդյունավետ կազմակերպման նպատակով կիրառել այնպիսի գործիքներ՝ ներառյալ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն վարակի տարածումը կախարգելելու համար։ Այդուհանդերձ, պետք է նաև հաշվի առնել, որ նույնիսկ այդ պարագայում հնարավոր չի լինելու արտակարգ դրության ժամանակ կիրառվող բոլոր գործիքների օգտագործումը ներկայիս ծավալով։ Հետևապես, ներկա կարգավորումների մասով ընտրությունը կրկին կախված է լինելու համավարակի զարգացման դինամիկայից»,- ասաց Ավինյանը։

Պարետն ասաց, որ այսօրվա դրությամբ հաստատված կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 32 151-ի, որից փաստացի բուժում է ստանում 11 530 պացիենտ։ «Ունենք մոտ 20 հազար առողջացածներ, և ցավոք այս ընթացքում ունենք կորոնավիրուսից մահվան 573 դեպք։ Հուլիսի 12-ի դրությամբ փաստացի բուժում ստացողներից 546-ը գտնվում է ծանր վիճակում, 111-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ թոքերի օդափոխման սարքին է միացված 43 պացիենտ։ Տնային հսկողության տակ գտնվող պացիենտների թիվը գտնվում է  մոտ 10 հազարի շրջանում»,- հավելեց պարետը։

Ավինյանի խոսքով՝ համակարգի առողջապահական կարողություններն ընդլայնվում են՝ բնակչության պատշաճ բժշկական սպասարկումն իրականացնելու համար։ Այս պահին առողջապահական համակարգի հնարավորություններն ու կարողություները պատշաճ են՝ իրավիճակին համարժեք արձագանքելու տեսանկյունից։