Երևանը արդեն երկու տարի փորձում է փոխել բանակցության ձևաչափը, ինչը ապակառուցողական է, սակայն համանախագահները դրան չեն արձագանքում համարժեք:

Այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է այդ երկրի նախագահ Ալիևը՝ նշելով, թե Բաքուն միշտ պատրաստ է իրական և կառուցողական բանակցության, սակայն Երևանը տապալում է այն, իսկ համանախագահները չեն անում դրա դեմ ոչինչ: Ալիևը հայտարարել է, թե չնայած դժգոհ են բանակցության բովանդակությունից, բայց պատրաստ են շարունակել այն, մինչդեռ Երևանը գնում է ձևաչափը փոխելու:

Ալիևն առաջին անգամը չէ, որ դժգոհում է համանախագահներից՝ ակնարկելով կամ բաց տեքստով հայտնելով, որ նրանք սատարում են հայկական կողմի դիրքորոշումները: Մեծ հաշվով, Ալիևը խոստովանում է, որ թեև չկա համանախագահների պաշտոնական հավանություն, բայց չկա նաև մերժում Ստեփանակերտը բանակցության սեղան լիարժեք վերադարձնելու Երևանի դիրքորոշման հանդեպ: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահը խոստովանում է, որ համանախագահները դեմ չեն Երևանի այդ քայլին:

Միաժամանակ նա խոստովանում է թերևս նաև դիվանագիտական ձախողումը՝ ասելով, որ բանակցությունից դժգոհ են, սակայն պատրաստ են շարունակել, միայն թե հին ձևաչափով: Այսինքն՝ Բաքուն այլևս պայքարում է ոչ թե բովանդակության համար, այլ ձևաչափի: Ըստ այդմ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ առկա է խոստովանություն, որ Երևանը հեղափոխությունից հետո նոր շեշտադրումներով կարողացել է հասնել նրան, որ պայքարն այժմ ոչ թե ինչ-որ այս կամ այն ընդունելի կամ մերժելի բովանդակության, այլ ձևաչափի համար է: Ասել կուզի՝ Երևանը, դնելով Արցախի սուբյեկտության հարցը, առնվազն հասել է այն իրողության, որ այժմ կողմերի պայքարը ձևաչափի համար է, և Ադրբեջանը գրեթե բաց տեքստով խոստովանում է, որ Արցախի վերադարձի հարցը մարտահրավեր է և խնդիր Բաքվի համար:

Հայաստանին մնում է շարունակել ընտրված ճանապարհը հետևողականորեն՝ միևնույն ժամանակ ամրանալով ներսում, պահելով ուժերի ռազմատեխնիկական բալանսը և Ադրբեջանին զրկելով ռազմական դիվանագիտության վերադարձի որևէ հնարավորությունից: Դա բերում է նրան, որ Ադրբեջանը ուժի կիրառման միջոցով հարցեր լուծելու տարբերակ է փնտրում ոչ թե հայկական ուղղությամբ, այլ հենց Բաքվում: Օրերս Ալիևը պետական անվտանգության իր ծառայության միջոցով փաստացի ուժային գործողություն էր իրականացրել այդ երկրի արտգործնախարարությունում՝ ձերբակալելով, ընդ որում, նախարար Մամեդյարովի ընկերոջը: