Erdoghan

Թուրքական դատարանը հրապարակեց Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Անկարայի իրավունքի մասին որոշումը, ինչից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրեց դրա վերաբերյալ հրամանագիրը: Այդպիսով, 1935 թվականից քրիստոնեական ակունքի վերադարձից հետո, իհարկե որպես թանգարան, Սուրբ Սոֆիայի տաճարը վերստին վերածվում է մզկիթի:

Գործնականում, ստորագրելով Ուղղափառության տաճարի հանդեպ այդ որոշումը, Թուրքիայի նախագահ Էրդողանը սառը սրբազան պատերազմ է հայտարարում քրիստոնեական քաղաքակրթությանը, եւ թերեւս քաղաքակրթությանն ընդհանրապես, որոհետեւ աշխարհը պետք է կառուցվի կրոնների, քաղաքակրթությունների երկխոսության, ոչ թե բռնափոխումների սկզբունքի վրա:

Էրդողանն ընտրում է երկրորդը, հայտարարելով «սառը սրբազան պատերազմը»: Նրան այդ քայլից հետ մնալու կոչ էին անում ԱՄՆ, եվրոպական երկրներ, Ռուսաստանի Պատրիարքը: Հետաքրքիր է, որ Մոսկվայից հնչեց լոկ Պատրիարքի կոչը՝ քաղաքական մակարդակից կոչեր չեղան:

Մոսկվան այդ իմաստով ամենաբարդ վիճակում է, որովհետեւ Էրդողանի քայլը էլ ավելի է առերեսել հայերի ցեղասպանության կնիք դարձած ռուս-թուրքական պայմանագրերի հետ, որոնց 100-րդ տարելիցը լրանում է 2021 թվականին: Մեծ հաշվով Մոսկվայի առաջ հարցը բավականին պարզ է՝ Ռուսաստանը մնու՞մ է հավատարիմ դրանց եւ այդպիսով դառնու՞մ է քաղաքակրթությանը Թուրքիայի հայտարարած «սառը պատերազմի» մասնակից եւ հանցակից, թե՞ դուրս է գալիս հանցավոր պակտից:

Այդպիսով Մոսկվան առերեսվում է ոչ միայն դաշնակից Հայաստանի եւ հայ ժողովրդի, այլ քաղաքակիրթ մարդկության առաջ պատասխանատվությանը: Մյուս կողմից, իսկ ի՞նչ է անելու Թուրքիայի հետ այդ մարդկությունը: Խոշոր հաշվով իհարկե այստեղ հարաբերակցությունն այլ է: Այսինքն, ոչ թե Թուրքիան ինչ-որ բան է արել, որին պետք է պատասխանել՝ ընդունել, լռել կամ պատժել, այլ թերեւս հենց համաշխարհային կարգում գահավիժելու հեռանկարն է Թուրքիային մղել ագրեսիվ քայլերի, այս դեպքում այլեւս քաղաքակրթական բաց բախման:

Էրդողանը դրանով փորձում է կանխել անկումը եւ Ստամբուլը՝ Կոստանդնուպոլիսը, այստեղ ունի նշանային իմաստ: Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից է սկսել Էրդողանի վերելքը, եւ այստեղ է սկսել նաեւ նրա քաղաքական անկումը: 2019-ին նրա գլխավորած ուժը կորցրեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, իսկ Էրդողանը հայտարարում էր, որ աշխարհն ուզում է Ստամբուլը վերածել Կոստանդնուպոլսի, որն ինքը թույլ չի տա:

Ւնչո՞վ է պայմանավորված նրա վախը: Դա զուտ քաղաքական շահից բխող երեսպաշտությու՞ն է, որի նպատակը թուրքական հասարակության զգացումի վրա խաղալն է, թե՞ աշխարհակարգային գործընթացների գնահատման արդյունք, որում Էրդողանը արձանագրում է Թուրքիայի դերի անխուսափելի անկումը, ինչին հակազդելու համար էլ նա թերեւս ստանձնեց բավականին ագրեսիվ արտաքին քաղաքականության պատասխանատվություն:

Ի վիճակի՞ է Թուրքիան կրել այդ պատասխանատվության բեռը, թե այն ոչ թե հեռացրել, այլ գուցե արագացրել է համաշխարհային պատմության հետ Անկարայի առերեսումը: