Iran

Ադրբեջանական պրոպագանդայի մոտ ոգեւորություն է առաջացրել տավուշյան լարվածության ֆոնին Իրանի արձագանքը: Մասնավորապես, ադրբեջանցիներին ոգեւորել է այն, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վազեին Ադրբեջանի փոխվարչապետի հետ հեռախոսազրույցում հաստատել է աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջությանը:

Ըստ ադրբեջանական պրոպագանդայի, նույնն արել է նաեւ Իրանի արտգործնախարար Զարիֆը, որը նախօերին հեռախուսազրույց էր ունեցել թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

Իհարկե, նախ պետք է հասկանալ, թե ադրբեջանական պրոպագանդան իր սովորության համաձայն որքան է ցանկալին ներկայացնում իրականության տեղ, ինչպես հաճախ են արել եւ անհարմար վիճակի մեջ դրել այլ երկրների դիվանագետների:

Միեւնույն ժամանակ, սակայն, ամենեւին զարմանալի չէ այն, որ Իրանը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջությանը սատարելու մասին: Իրանը պարզապես զգուշացնում է Բաքվին, որ Ադրբեջանը կունենա տարածքային ամբողջության լուրջ խնդիրներ, եթե փորձի անել քայլեր, որոնք կարող են կասկածի տակ դնել Իրանի տարածքային ամբողջությունը:

Իսկ Իրանի տարածքային ամբողջությունը կարող է կասկածի տակ դնել ռեգիոնալ անկայունությունը, որի աղբյուր է Բաքուն: Այդ համատեքստում միանգամայն հասկանալի է ազդակը, որ Թեհրանը հղում է Բաքվին՝ չանել քայլեր, որոնք կարող են բերել ռեգիոնալ ապակայունացման, ինչն իր հերթին կարող է ստեղծել վտանգ Իրանի հյուսիսային սահմանի համար: Թեհրանն անշուշտ լավ է պատկերացնում, որ ռեգիոնալ ապակայունացումը առաջացնելու է երրորդ երկրների ռազմական միջամտության մեծ հավանականություն: Մի բան, որը Իրանը հստակ եւ բաց կերպով դիտարկում է իր ազգային անվտանգության սպառնալիք, անկախ, թե որ երկրի մասին է խոսքը:

Իրանի համար ներկայիս իրավիճակում հատկապես զգայուն կարող է լինել Թուրքիայի արձագանքը, որն ապակայուն իրադրության պարագայում կարող է առիթն օգտագործել թե Նախիջեւանում, թե նաեւ Ադրբեջանի այսպես ասած «մայր ցամաքում» ռազմական ներկայությունն ընդլայնելու համար: Իսկ այդ իմաստով էլ ռազմավարական հեռանկարում որեւէ կերպ բացառված չէ արդեն Իրանի հյուսիսային հատվածի թուրք-ադրբեջանական թիրախավորումը, այսպես ասած այնտեղ բնակվող ադրբեջանցիների «հիմքով»:

Ամիսներ առաջ Իրանի նախագահ Ռոհանին, խոսելով համաշխարհային իրողությունների եւ լարվածության մասին, դիտարկել էր նաեւ Կովկասը, նշելով, որ Իրանի հյուսիսային սահմանին որեւէ վտանգի պարագայում Թեհրանը չի մնա սպասողի դերում եւ կձեռնարկի միջոցներ: Այլ կերպ ասած, Իրանը Բաքվին զգուշացնում է անգամ կանխարգելիչ հարվածի մասին: Իսկ Ադրբեջանը թերեւս լավ գիտե եւ պատկերացնում է, որ Իրանն ունի այդ հնարավորությունը, ընդ որում հիբրիդային հարվածի հնարավորությունը, որը կարող է լինել ոչ թե Ադրբեջանի սահմանին, այլ խորքում: